Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Տարածաշրջանում անվտանգային ճգնաժամը խորանում է, և Հայաստանի համար դառնում լուրջ գլխացավանք։ Դեռ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ԵՄ-ն և Ադրբեջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ մինչև 2027թ․-ն գազի մատակարարումը կրկնապատկելու համար։ Մերձավորարևելյան իրադարձություններնը ևս ապացուցում են, որ Արևմուտքն ունի Բաքվի էներգակիրների կարիքը, և սա մեծացնում է Ադրբեջանի դիվանագիտական կշիռն ու ազդեցությունը Եվրոպայում։
Պատերազմի արդյունքում, ըստ էության, Թուրքիան և Ադրբեջանը կամրապնդեն իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը և վերահսկում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները: Մերձավոր Արևելքում և Սև ծովում նրա ռազմավարական դիրքը ստիպում է Արևմուտքին շատ հարցերում, այդ թվում՝ Հարավային Կովկասի, հաշվի նստել Անկարայի շահերի հետ։ Հանուն էներգառեսուրսների և էժան ապրանքների Եվրոպան կընտրի Թուրքիան և Ադրբեջանը։
Անդաշնակից Հայաստանը պարզապես խորանում է անվտանգային խնդիրների մեջ և չունենալով հաջող ղեկավարություն՝ կենսական շահերը զիջում է՝ թվացյալ խաղաղության դիմաց։ Ալիևի պլաններում Հայաստանի խաղաղ զավթումն է, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական թեզի իրականացումը։ Սա չտեսնելու տալով՝ Արևմուտքը քաջալերում է նրան։ ԵՄ-Հայաստան արժանապաատիվ հարաբերությունները միայն «քաղցր սուտ» են․ Եվրոպայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ «արժեքների և շահերի բախում» է, էներգետիկ շահերը նրան տանում են դեպի Բաքու, հակառուսականը՝ Երևան, և աչք են փակում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների վրա։
Արևմուտքից, իհարկե, այցեր կշարունակեն լինել Հայաստան, խոստումներ տրվել՝ Եվրաինտեգրման, վիզաների, ռազմավարական օրակարգերի, ներդրումների, դիմակայության և այլ բառապաշարով։ Բայց դրանց հետևում թաքնված են Հայաստանի օկուպացիայի վրա աչք փակելու իրական ծրագրեր։