Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ
Վենսի շառը և հայաստանյան ընտրությունները: Նկատել եք, չէ՞, հետաքրքիր օրինաչափություն կա. որտեղ հայտնվում են ամերիկացիները, շատ դեպքերում այն թեկնածուները, ում իրենք աջակցում են, պարտվում են: Իլոն Մասկը հայտնվեց Գերմանիայում՝ աջերը պարտվեցին: Ջեյ Դի Վենսը եկել էր Հունգարիա ընտրություններից մի քանի օր առաջ՝ Վիկտոր Օրբանը խայտառակ պարտություն կրեց:
Հիշեք՝ ինչ էր անում այստեղ Ջեյ Դի Վենսը ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Նիկոլ Փաշինյանին աջակցություն էր ցուցաբերում: Իշխանական քարոզչամեքենան էլ ոգևորվել էր, ասում էր՝ «այո, ընդդիմադիրները կասեն, որ ամերիկացիները խառնվում են Հայաստանի գործերի մեջ, բայց դա ցույց է տալիս, որ երբ որ Վենսը ասում է, որ աջակցում են Փաշինյանին, դա նշանակում է, որ մի շարք ծրագրեր ունեն իրենք, որոնք կապում են անձամբ Փաշինյանի հետ»:
Լավ, իսկ որո՞նք են այդ ծրագրերը: Այդ ծրագրերից մեկը, որն ակնհայտ է, «TRIPP»-ն է: Ի՞նչ է դա. դա հակաիրանական սանիտարական կորդոն է Հայաստանի Հանրապետության տարածքում: Եվ առնվազն կա տպավորություն, որ թե՛ Իրանի նոր դեսպանը Հայաստանում, թե՛ ընդհանրապես Իրանի իշխանությունները գիտակցում են այս ամենը և բավականին զուսպ գնահատականներ են տալիս:
Բայց նաև պետք է արձանագրենք հետևյալը. տեսեք, այն, ինչ ամերիկացիները անում են հիմա մեր տարածաշրջանի պետություններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, մեզ համար սպառնալիք է ներկայացնում: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ պատերազմական գործողությունները և ռմբակոծությունների այն ինտենսիվությունը, որ կար, շարունակվի. փախստականների հարցը ո՞նց է լուծվելու: Ակնհայտ է, որ փախստականները պետք է գան Հայաստանի Հանրապետություն:
Բացի այդ, շատ է խոսվել այն մասին, որ 2022 թվականի իրադարձությունների ժամանակ Ջերմուկի հարակից տարածքում ռուսական զորքերի ներկայությունը, Արցախից եկած մեր հատուկջոկատայինների առկայությունը, ինչպես նաև իրանական գործոնը և զորքերի զորաշարժը թույլ չտվեցին ադրբեջանցիներին կիսել Հայաստանը և ստանալ «Զանգեզուրի միջանցքը»: Հիմա եթե իրենք ոչնչացնեն Իրանը ներկայիս կոնֆիգուրացիայով, դա ի՞նչ է լինելու Հայաստանի համար: Դա սպառնալիք է լինելու:
Ամերիկայի Միացյալ Նահանգները օվկիանոսից այն կողմ են, իսկ մենք ունենք հարևան՝ ի դեմս Իրանի: Այդպես եղել է և այդպես միշտ պետք է լինի: Ձեր կարծիքով՝ իրանական կողմը հետևություններ չի՞ անելու հայկական կողմի այս դիրքորոշումներից, երբ իր դեմ պատերազմի պայմաններում դու փաստացի մաս ես կազմում հակաիրանական ճամբարի: Այս ամենի պտուղները քաղելու է Հայաստանի Հանրապետությունը: