Ընտրություն Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև
Ընտրություն Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև
Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։
Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Քարոզարշավը լինելու է չափազանց թեժ։ Իշխանությունը գործի է դնելու իր ամբողջ վարչական, քարոզչական և հոգեբանական ռեսուրսը՝ հասարակությունը լարվածության ու ատելության մթնոլորտում պահելու համար։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական բառապաշարը կրկին կհասնի իր ամենացածր մակարդակին․ կհնչեն սպառնալիքներ, զրպարտություններ, պիտակավորումներ, մեղադրանքներ ու փողոցային բառապաշար։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքական պայքարը վերածվի աղմկոտ շոուի և հանրային գիտակցությունը հեռանա իրական վտանգներից։
Իշխանությունը շարունակելու է մարդկանց կերակրել«խաղաղության» կեղծ օրակարգով։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի փուլային կապիտուլյացիայի քաղաքականություն է։ Դա քաղաքականություն է, որի վերջնական նպատակը Հայաստանը թուլացած, ինքնությունից զրկված և «Արևմտյան Ադրբեջանի» վերածված տարածքի վերածելն է։
Այս ընտրություններով որոշվում է ոչ միայն իշխանության հարցը, այլև Հայաստանի գոյության հարցը՝ բառի ամենախոր իմաստով։
Սա սովորական ընտրություն չէ քաղաքական ուժերի միջև։ Սա ընտրություն է Հայաստանի և պետականության կորստի միջև։ Այսօր Հայաստանը փաստացի օկուպացվում է ներսից։ Երկրի ղեկը պահում է մի իշխանություն, որը, Արցախը հանձնելուց հետո, հետևողականորեն քանդում է ազգային դիմադրության հիմքերը, կոտրում ժողովրդի կամքը, արժեզրկում ազգային ինքնությունը և երկիրը տանում դեպի թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի սպասարկում։
Պատահական չէ, որ ադրբեջանական մեդիան և բլոգերները բացահայտ քարոզում են Փաշինյանի օգտին։ Նրանք հստակ հասկանում են, թե ով է իրենց շահերի լավագույն սպասարկուն Հայաստանում։
Ուստի Հայաստանի քաղաքացին այս ընտրություններում կանգնած է ճակատագրական ընտրության առաջ․
ուզո՞ւմ է ապրել անկախ, ինքնիշխան և ազգային պետությունում, թե՞ համաձայն է վերածվել Ալիևի թելադրանքով գոյատևող, արժանապատվությունը կորցրած տարածքի բնակչի։
2026 թվականի հունիսի 7-ին քվեատուփի առաջ որոշվելու է ոչ միայն իշխանության, այլև Հայաստանի ճակատագիրը։ Կամ սա կլինի Հայաստանի վերջին ընտրությունը, կամ Հայաստանը վերջապես կազատվի ներքին և ալիևյան օկուպացիայից։ Այս ընտրությամբ կամ կփրկվի Հայաստանը, կամ կդառնա Արևմտյան Ադրբեջան…
Նաիրա Վանյան