Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Պարտությունների հեղինակի շանտաժը. կա՛մ ես կմնամ, կա՛մ Ալիևը կհարձակվի․ «Կարճ ասած»
Ասում է՝ եթե Քոչարյանը գա կլինի պատերազմ։ Քոչարյանի կենսագրությունը՝ մինչ նախագահ լինելը պատերազմ հաղթելու, իսկ նախագահ լինելով՝ հաղթանակը պահելու, պատերազմը կանխելու կենսագրություն է։
Ասում է՝ ընդդիմության հռետորաբանությունը բերելու է պատերաազմի, պատերազմի կոչեր են անում։ Էսօր էլ պաշտպանության նախարարն էր դա ասում։ Հարց են տալիս ընդդիմության էդ ո՞ր հայտարարությունն է ռազմատենչ, ո՞ր հայտարարությունն է բերելու պատերազմի, լեզուն քարկապ է ընկնում։ Պատասխանատու պաշտոն զբաղեցնողները շատ անպատասխանատու, սուտ թեզեր են տանում։ Վերցրեք որևէ ընդդիմադիր դերակատարի ելույթ, ասեք՝ սա բերելու է պատերազմի։
Նիկոլի խոսքերը՝ «եթե չանենք, կլինի պատերազմ», հենց պատերազմ բերելու խոսույթ է, բայց ասեք ընդդիմադիրների մի խոսք, որը պատերազմի սպառնալիք է։ Ավելին, ընդդիմության դերակատարները ու առաջին հերթին հենց նա, ումով վախեցնում են, Ռոբերտ Քոչարյանը, ասում է՝ ես բերելու եմ երաշխավորված խաղաղություն։ Այսինքն՝ ոչ միայն պահպանելու եմ խաղաղությունը, այլ անելու եմ այնպես, որ երբեք չխախտվի։
Ի տարբերություն Նիկոլի, որ ասում է՝ ես չլինեմ վարչապետ՝ կլինի պատերազմ, Քոչարյանն ասում է՝ ես խաղաղությունը դարձնելու եմ այնպիսին, որ ով էլ լինի վարչապետ, Ադրբեջանում էլ նախագահ, խաղաղությունը պահպանվի։ Ասում է՝ կվերականգնեմ բանակի մարտունակությունը, որը երաշխիք կլնի իր հերթին, որ պատերազմ չի լինի․ բանակը էսօրվա նման չի լինելու, էսօրվա Նիկոլի ու Պապիկյանի անվտանգությունը ոնցոր «Նուֆ-նուֆի» տնակը լինի։ Քոչարյանն ասում է՝ հզոր դաշնակից կունենանք, որը ևս մեկ երաշխիք կլինի խաղաղության։ Ասում է՝ ես կապահովեմ բացարձակ հուսալի ու անվտանգ երկիր։ Դուք ո՞րտեղ եք տեսնում պատերազմի վտանգ։
Նիկոլ Փաշինյանի խոսքից, թե՝ եթե ես չընտրվեմ, կլինի պատերազմ, արդեն տպավորություն է, որ էս հարցով հստակ պայմանավորվածություն ունի Ալիևի հետ։ Ադրբեջանը սատարում է Փաշինյանին, ու եթե չընտրվի, կարող է պայմանավորվեն, որ լինի հարձակում։ Պատերազմին ես հավատում եմ միայն այս դեպքում։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավն անում է Ալիևի հետ միասին․ նրա գլխավոր ասելիքն է՝ ես չընտրվեմ՝ Ալիևը կհարձակվի։ Եվ ուրեմն, կարծում եմ, պետք է ժողովուրդը հստակ ՈՉ ասի՝ Փաշինյան-Ալիև այս պայմանավորվածություններին։