Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ
Եվրոպական գագաթնաժողովը Երևանում. աշխարհաքաղաքական մարտահրավերներ
Եվ այսպես, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում է։ Երբ 2022 թվականին մեկնարկեց ուկրաինական պատերազմը, պաշտոնական Երևանի դիրքորոշումը պետք է լիներ առավելագույնս զուսպ։ Զսպվածությունը տվյալ համատեքստում նշանակում էր չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ոչ միայն կարող էին վնասել Հայաստանի Հանրապետության շահերին, այլև վտանգել Ուկրաինայում և Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ստվարաթիվ հայկական համայնքների անվտանգությունը։
Գործողություններ կատարելիս անհրաժեշտ էր այնպես մանևրել, որպեսզի մեր հայրենակիցները խնդիրների առջև չկանգնեին։ Իրականությունն այն է, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ևս չէր պահանջում, որ Հայաստանը կամ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ այլ պետությունները ներգրավվեն հակամարտության մեջ որպես կողմ՝ լինի դա ռազմական, թե տնտեսական պատերազմի տեսքով։ Սա հնարավորություն ընձեռեց մեր տիպի երկրներին տնտեսական առումով դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ միաժամանակ ստեղծելով հարթակ, որից կարող էր օգտվել նաև Ռուսաստանը։
Փաստացի, ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանը վերածվեց կարևորագույն տնտեսական և տրանսպորտային հաբի։ Ռուսական ապրանքները վերավաճառվում են Հայաստանի տարածքով, իսկ արտասահմանյան ապրանքները Հայաստանով հասնում են Ռուսաստան։ Բավական է դիտարկել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը՝ տեսնելու համար, թե ինչպիսի շեշտակի փոփոխություններ են տեղի ունեցել 2022 թվականից հետո։ Ռուսաստանը դրական էր վերաբերվում այն մտքին, որ Հայաստանը լինի այն «կղզյակներից» մեկը, որի միջոցով հնարավոր կլիներ կապ պահպանել իր հետ հակամարտության մեջ գտնվող եվրոպական երկրների հետ։
Սակայն այս գագաթնաժողովը Երևանում փակում է այդ հնարավորությունները։ Նիկոլ Փաշինյանի համար, ով Երևանում ունի թույլ էլեկտորալ հենարան, սա հնարավորություն է դրսից հյուրեր բերելու՝ հույս ունենալով բարձրացնել իր վարկանիշը։ Եվրոպայում սա հասկանում են և կարող են փոխարենը հավատարմության երդում պահանջել՝ ստիպելով ընդունել Վլադիմիր Զելենսկուն և գագաթնաժողովը վերածել հակառուսական ներկայացման։
Էմանուել Մակրոնն իր ելույթում բացահայտեց եվրոպացիների ներկայիս վերաբերմունքը՝ նշելով, թե Հայաստանն ընկալվում էր որպես Ռուսաստանի արբանյակ։ Հարց է առաջանում. երբ Ժակ Շիրակը կամ Նիկոլյա Սարկոզին էին այցելում Հայաստան, նրանք այցելում էին «արբանյակի՞», թե՞ Հայաստանի Հանրապետություն։ Թերևս Մակրոնը, Փաշինյանի նման, կարծում է, թե իրենից առաջ պատմություն չի եղել։
Վերջնարդյունքում եվրոպացիները կհնչեցնեն իրենց հայտարարությունները և կհեռանան՝ մեզ թողնելով մեր խնդիրների և Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունների հետ։ Այս ամենից առավելագույնս օգտվելու են Թուրքիան և Ադրբեջանը, որը, օգտվելով առիթից, փորձում է առաջ մղել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը։