Արհեստական բանականությունն ահազանգում է․ Ադրբեջանը Հայաստանի դեմ պլանավորում և իրագործում է զավթողական քաղաքականություն
Արհեստական բանականությունն ահազանգում է․ Ադրբեջանը Հայաստանի դեմ պլանավորում և իրագործում է զավթողական քաղաքականություն
Մինչ Հայաստանում շարունակում է նախընտրական քարոզարշավը, Ադրբեջանում շատ ակտիվորեն շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ մշակված զավթողական հայեցակարգի բուռն քարոզչությունը։ Ինչպես գիտենք, իշխող ուժն իր կարգախոսն է դարձրել «խաղաղություն» շատ կարևոր բառը՝ կողքին դնելով սիրտ պատկերող նշանը։ Անխոս, դա հեգնանք ու ծաղր է բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ունեն հիշողություն և տրամաբանություն՝ իշխող ուժի ղեկավարման ութ տարիների ընթացքում տեղի ունեցած երեք աղետաբեր պատերազմներն ու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը չմոռանալու համար։ Ինչևէ, համարենք՝ իրոք ձգտում են խաղաղության, և եկեք վերադառնանք այն պարզ ու հայտնի իրողությանը, որ ինչպես տանգոն մենակ չեն պարում, այնպես էլ խաղաղությունը միակողմանի չի կարող կառուցվել։ Իսկ մեր հարևան պետությունը, մեղմ ասած, այնքան էլ խաղաղության չի պատրաստվում։ Ես բազմիցս տարբեր հոդվածներով անդրադարձել եմ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող շատ վտանգավոր զավթողական հայեցակարգին, որը շրջանառության մեջ է դրվել հենց Իլհամ Ալիևի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր։ Այդ օրվանից անցել է 3 տարի, 4 ամիս և 24 օր (18.05.2026)։ Այս ընթացքում ՀՀ «խաղաղասեր» իշխանությունը ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել այս զավթողական հայեցակարգը պատշաճ ուսումնասիրության ենթարկելու, դրա ռիսկերը հասկանալու, դրանք միջազգային գործընկերներին ներկայացնելու և այս աճող ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար։ Փոխարենը, իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, արել են հայտարարություններ, որոնք փաստացի «նորմալ» են դարձնում նման հայեցակարգի առկայությունը։