Ադրբեջանը Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում Ավստրիան առաջադրում էր Սերբիային․ «Հայացք Երևանից»
Ադրբեջանը Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում Ավստրիան առաջադրում էր Սերբիային․ «Հայացք Երևանից»
Պատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի նկատմամբ եւ այլն: Ադրբեջանը՝ իրականում լինելով ագրեսոր պետություն, շրջանառության մեջ էր դրել նաեւ Հայրենական պատերազմ եզրը, իսկ պատերազմից հետո պահանջում էր Հայաստանի ապազգայնացումը (դենացիֆիկացիա) եւ ապառազմականացումը (դեմիլիտարիզացիա): Սա եւս միջազգային դիվանագիտական պատմության բառապաշար է, որն օգտագործվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, ինչ քաղաքականություն է փորձում վարել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը եւ արդյո՞ք սա ունի նախադեպեր միջազգային պատմության մեջ: Պատասխանի համար ստիպված ենք անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին եւ դրանից առաջ տեղի ունեցած մի քանի կարեւոր դրվագների: Առաջին համաշխարհայինից առաջ պարզ էր, որ մեծ պատերազմ է տեղի ունենալու, այսինքն՝ կայսրությունները մտնելու են պատերազմի մեջ, եւ կազմավորվելու են նոր դաշինքներ: Արդեն ստեղծվում էր Անտանտան, մյուս կողմից էլ՝ Գերմանիա-Իտալիա-Ավստրո-Հունգարիա եռակողմ կոալիցիան: Ռուսաստանի ցարը չէր ցանկանում, որ այդ պատերազմը տեղի ունենա եւ հանդես է գալիս մի քանի նախաձեռնություններով, որոնք կարեւոր դերակատարություն էին ունենալու հետագա աշխարհակարգի ձեւավորման գործում: 1899 թ.-ին նա առաջարկում է միջազգային կոնֆերանս հրավիրել Հաագայում եւ ընդունել մի քանի կարեւոր կոնվենցիաներ ու որոշումներ: Այդ որոշումները վերաբերում էին պատերազմի վարման կանոններին, զինվորականներին եւ ոչ զինվորականներին, այսինքն՝ կոմբատանտներին եւ ոչ կոմբատանտներին, վիրավորների նկատմամբ մարդկային վերաբերմունքին, գերի ընկածների նկատմամբ որոշակի զինատեսակների, փամփուշտների եւ թունավոր նյութերի չօգտագործմանը, որոնք օգտագործվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Եվ ամենակարեւորը՝ Հաագայում ստեղծվեց միջազգային դատարան: Այսինքն՝ եթե պետությունների միջեւ վեճեր են ծագում մինչեւ պատերազմ սկսելը, փորձել այդ վեճերը կարգավորել խաղաղ դատական կարգով: Հետո 1907թ.-ին 2-րդ կոնֆերանսն է հրավիրվում ռուսական ցարի նախաձեռնությամբ՝ ինչպես Հաագայում, եւ այդ երկու կոնֆերանսները դառնում են հիմք ապագա աշխարհակարգի ժամանակ: