Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերին ակտիվորեն անդրադառնում է այսպես կոչված խաղաղության պայմանագրին, որի ստորագրման համար մի շարք նախապայմաններ դեռ կան, այդ թվում՝ Ալիևի պահանջով սահմանադրության ընդունում։ Դե ասում է՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ ստորագրելու, վավերացնելու վրա։
Դե ասում է՝ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք: Այդ տարածքի մի մասի վրա հիմա ադրբեջանական զորքն է, պարբերաբար դիրքերն առաջ են տալիս և ամրացնում։ Այնպիսի ամրաշինական աշխատանք են տարել, որ կասկածում ենք, թե դուրս կգան, Սյունիքի, Ջերմուկի հատվածում ու մյուս բոլոր տեղերում։ Ո՞նց եք պարտադրելու։
Ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ որևէ պահանջ չեն ունենալու: Անկլավների թեման պետք է փակվի, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում իրականացնեն։ Ոչ մենք պետք է պահանջենք Ղարաբաղ, ոչ իրենք՝ Արևմտյան Ադրբեջան։ Մենք արդեն ունենք տխուր օրինակը, որ սրանք զիջել են Տավուշից, հայկական հողեր են հանձնել անկլավի անվան տակ, գյուղացիներին տնից հանել են ու նվիրել Ադրբեջանին, բայց փոխարենը ոչինչ չենք ստացել։ Հենց այսօր էլի նրանք խոսել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մնասին, այսինքն՝ տարածքային պահանջներ են ներկայացնում։
Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ռազմական զսպման համակարգ։ Ադրբեջանը ամեն օր է զինվում, նրա զենք տեղափոխող օդանավերը անընդհատ չվերթների մեջ են, Հայաստանը զենքը շատացնելու փոխարեն շատացնում է պաշտպանության նախարարի աշխատավարձը։ Լուրջ քայլեր չեն անում ռազմական բալանսը հավասարեցնելու համար, բանակում էլ բարդակը հասցրել են էն աստիճանի, որ անընդհատ սպանություններ են։ Խաղաղության համար կարևոր պայման է նաև ներքին իրավիճակը, դաշնակիցների առկայությունը և այլն։ Թվարկածս բոլոր դեպքով էլ ունենք դեֆիցիտ։
Ոչ միայն ՀԱՊԿ-ում անդամություն են սառեցրել, այլև արդեն քննարկում են ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Հետևանքները լինելու են պարզապես աղետալի։ Ուսումնասիրեք սահմանային միջադեպերը այն հատվածներում, որը ռուսական սահմանապահների վերահսկողության ներքո է ու ու մյուս հատվածները։ Կարո՞ղ եք ասել՝ թշնամու գործողությունները, նպատակները զսպելու ինչ միջոց ունի Հայաստանը։ Ադրբեջանը ոչ թե ուզում է խաղաղություն, այլ՝ վերցնել Հայաստանը։ Իսկ այս մարդիկ կարծես նպատակ ունեն Հայաստանը անվտանգային առումով դարձնել լրիվ տկտոր, ինչ-որ խաղաղության անունով թղթի հույսին, որն էլ, սակայն չկա։
Հարցին՝ խաղաղության պայմանագիր կլինի, թե ոչ, մարդամեկը պատասխանում է՝ Թուրքմենստանում հանդիպել է Ալիևին ու տպավորությւոն ստացել, որ հնարավորություն կա։ Հետաքրքիր է, թե Ալիևի տպավորությունը որն է։ Պատերազմից առաջ էլ սա տպավորություն ուներ, որ իր գործընկեր Ալիևը կիրթ է ու կառուցողական։ Այնպես որ, չգիտես, թե հրադադարը երբ ու ոնց կպայթի։