Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

Սումգայիթից մինչև «Արևմտյան Ադրբեջան»

«Հավանաբար հիշում եք Ալլահշուքյուր Փաշազադեին՝ այն գործչին, որի հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց հարձակումների շարք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Այսօր նույն Փաշազադեն, ըստ էության, տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պնդելով, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հանդեպ վերահսկողության հաստատումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է։

Հարց է առաջանում. արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում են բողոքի նոտա հղել Ադրբեջանին այս հայտարարությունների կապակցությամբ։ Ի վերջո, եթե մենք իրական խաղաղություն ենք կերտում, ապա այն չի կարող լինել «միակողմանի երթևեկությամբ ճանապարհ»՝ խաղաղության պատրաստակամությունը պետք է դրսևորվի նաև Ադրբեջանի կողմից՝ առնվազն պաշտոնական հռետորաբանության և հրապարակային խոսույթի մակարդակում։

Հատկանշական է նաև նման հայտարարությունների համար ընտրված ժամանակահատվածը։ Թեև իշխանություններն այս մասին լռում են, մենք հո հիշում ենք՝ հիմա Սումգայիթի ջարդերի և ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթն է։ Ու դատելով թե՛ Փաշազադեի, թե՛ Ալիևի հայտարարություններից, որոնցում մերժվում է «Խաղաղության խաչմերուկի» գոյությունը, ինչպես նաև տեսնելով Ադրբեջանի ակտիվ սպառազինումը, մենք բախվում ենք մի դաժան ճշմարտության. ադրբեջանցիները Հայաստանի ողջ տարածքն ընկալում են որպես սեփական՝ այն կոչելով «Արևմտյան Ադրբեջան»։

Պատմությունը ցույց է տալիս, որ այն տարածքներում, որոնք Ադրբեջանը համարում է իրենը, նա իրականացնում է ցեղասպանություն։ Նրանց այսօրվա քաղաքականությունն ու հրապարակային խոսույթը որևէ կերպ չեն վկայում այդ նկրտումներից հրաժարվելու մասին. սա պարզապես ժամանակավոր նախընտրական դադար է։

Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վճռականորեն «ՈՉ» են ասում «Արևմտյան Ադրբեջան» նախագծին։ Նրանք գիտակցում են, որ գալիք ընտրությունները լինելու են ոչ թե պարզապես քաղաքական մրցակցություն, այլ ընտրություն՝ Հայաստանի Հանրապետության պահպանման և «Արևմտյան Ադրբեջան» դառնալու հեռանկարի միջև։

Վերջնական հետևությունն ու ընտրությունը պետք է կատարի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ որոշելով, թե ինչպիսի ապագա է կերտում իր հայրենիքի համար»։