Արցախի եկեղեցիների ողբերգությունը տեսանելի է Վաշինգտոնից
Արցախի եկեղեցիների ողբերգությունը տեսանելի է Վաշինգտոնից
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը։ Ադրբեջանին նվիրված բաժնում արձանագրվում է այն, ինչ Երևանը, թվում է՝ չի ցանկանում նույնիսկ բարձրաձայն արտաբերել. Արցախի ու հարակից տարածքների պատմական հայկական կրոնական օբյեկտները մեթոդաբար ոչնչացվում են։
Տվյալներն անկողմնակալ են ու անողոք։ 2025 թվականի հուլիսով թվագրված արբանյակային լուսանկարները ֆիքսել են ութ ամբողջությամբ ավերված ու ևս տասը վնասված կրոնական օբյեկտ։ Եկեղեցիներ, գերեզմանոցներ, խաչքարեր՝ այն ամենը, ինչ դարեր շարունակ կազմել է հայկական ներկայության հյուսվածքն այս հողում, այսօր կա՛մ ջնջված է երկրի երեսից, կա՛մ ավերակների է վերածված։ Ու սա միայն այն է, ինչ կարելի է տիեզերքից տեսնել:
Կարևոր է ընդգծել, որ USCIRF-ը «պատահական իրավապաշտպանների» խումբ չէ, ինչպես այն պարբերաբար փորձում է ներկայացնել Բաքուն։ Այն ԱՄՆ դաշնային խորհրդատվական մարմին է, որը ստեղծվել է 1998 թվականի «Միջազգային կրոնական ազատության մասին» օրենքով։ Նրանց հանձնարարականները պաշտոնական կարգավիճակ ունեն, իսկ լիազորությունների թվում է այլ երկրներ մոնիթորինգային առաքելությունների կազմակերպումը։
Հետևաբար, ամերիկյան կառավարական իրավապաշտպանները պարզապես փաստեր չեն արձանագրում։ Նրանք ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին հանձնարարում են Ադրբեջանին պահել «Հատուկ դիտարկման ցանկում», կիրառել թիրախային պատժամիջոցներ Արցախում տեղի ունեցողի մեջ ներգրավված պետական մարմինների ու պաշտոնյաների նկատմամբ՝ սառեցնել նրանց ակտիվները, արգելափակել մուտքը Նահանգներ։ Առանձնահատուկ հանձնարարված է «պայմաններ սահմանել Ադրբեջանին օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ու անվտանգության ոլորտի այլ օգնության տրամադրման համար՝ պահանջելով կոնկրետ բարելավումներ կրոնական ազատության ու դրա հետ կապված մարդու իրավունքների ոլորտում»։
Եվ այստեղ ծագում է մի հարց, որից հնարավոր չէ փախչել. իսկ ի՞նչ է անում Հայաստանը։
Մինչ ամերիկացի կոնգրեսականներն արդեն քննարկում են պատժամիջոցները, հայաստանյան կառավարությունը զարմանալի դիվանագիտական զսպվածություն է ցուցադրում։ Այնտեղ, որտեղ անհրաժեշտ են բողոքի նոտաներ՝ լռություն է։ Այնտեղ, որտեղ պետք է հնչեն միջազգային քննության պահանջներ՝ «զգուշավոր հիշեցումներ» են։ Եվ հարգալից-ամաչկոտ «ամեն ինչին համաձայնություն» այնտեղ, որտեղ հարկավոր էր գոնե փորձել համակարգել ջանքերը հենց նույն ամերիկացիների հետ։ Քանի որ նրանք հիմա (եթե հավատանք պաշտոնական քրոնիկոնին) այնքա՜ն բարեկամաբար են տրամադրված Հայաստանի կառավարության նկատմամբ։
Այո՛, Հայաստանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան։ Այո՛, գործընթացը գնում է, բայց եթե ոչինչ չփոխվի՝ այն տարիներ կտևի։ Որտե՞ղ է քաղաքական կամքը՝ իրական դիվանագիտական ջանքերով այն ամրապնդելու ու արագացնելու։ Որտե՞ղ են հայտարարությունները միջազգային բոլոր հարթակներում՝ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Որտե՞ղ է նույն USCIRF-ի կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներ ուղարկելու պահանջը, քանի դեռ ամեն ինչ ոչնչացված չէ։
USCIRF-ի զեկույցում կա ևս մեկ մանրամասն, որը մինչև ոսկորները սարսռեցնում է. հայ բանտարկյալների հարազատները հայտնում են, որ նրանց թույլ չեն տալիս նույնիսկ Աստվածաշունչ ստանալ։ Ադրբեջանական իշխանություններն, իհարկե, հերքում են. ստանդարտ պրակտիկա է։ Բայց նույնիսկ այս հարցում հայկական դիվանագիտությունը լռություն է պահպանում՝ կարծես վախենալով խախտել «խաղաղության բանակցությունների» փխրուն էթիկետը։
Ինչի՞ց ենք մենք վախենում։ Բարկացնել «ռազմավարական գործընկերոջը», որը հենց հիմա երկրի երեսից ջնջում է մեր ժառանգությո՞ւնը։ Թե՞ քանդել երկխոսության պատրանքը, որտեղ մի կողմը մեթոդաբար ճնշում, ոչնչացնում ու ցինիկաբար նսեմացնում է մյուսին՝ արդարացումներով, խիստ բացականչություններով ու զայրալից պատասխաններով, իսկ մյուսը պարզապես ձևացնում է, թե ամեն ինչ նորմալ է։
Նույնիսկ մեզնից հեռու գտնվող ամերիկացիներն արձանագրում են անարդարությունն ու պահանջում դադարեցնել այն։ Բայց այն, ինչ տեսանելի է հեռավոր Վաշինգտոնից, ըստ ամենայնի, շատ դժվար է նկատել Երևանից։ Եվ Բաքվում այս ազդակը ճիշտ են ընկալում. եթե նույնիսկ սեփական «պաշտպանը» ոչ մի կերպ չի միջամտում, նշանակում է՝ կարելի է հանգիստ շարունակել։ Եկեղեցի առ եկեղեցի։ Խաչքար առ խաչքար։ Լռություն առ լռություն։ Մի օր մենք կարող ենք հայտնաբերել, որ պաշտպանելու բան այլևս չի մնացել. ամե՜ն ինչ ջնջված է։