Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Ի՞նչ են գրում ադրբեջանական ԶԼՄ-ները Հայաստանի և ի՞նչ՝ նրա ղեկավարության մասին

ԱՏԵԼՈւԹՅԱՆ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ԼԵԶՈւՆ՝ «ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ԶՐՈւՅՑՆԵՐՈւՄ

Անցած շաբաթ հարևան Ադրբեջանի լրատվամիջոցները մեծ ուշադրություն էին սևեռել միանգամից երեք թեմաների, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանին ու հայերին։ Հրապարակումները, որոնք նվիրված էին «1918 թվականի մարտի 31-ի ցեղասպանությանը» և 2016 թվականի, այսպես կոչված, Ապրիլյան մարտերի տասնամյակին, խիտ հագեցած էին հակահայկական ամենակոշտ նարատիվներով։ Պարադոքսալ կերպով՝ դրանց կողքին տեղ էին գտել բաքվեցի փորձագետների հեգնական-բարյացակամ դատողությունները Նիկոլ Փաշինյանի կառավարության «դրական ձեռքբերումների» մասին։

«ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ»՝ ՄԵԿ ՄԱՍՆԱԿՑՈՎ

«Ադրբեջանցիների ցեղասպանության օրը» Ադրբեջանում նշվում է ամեն տարի՝ սկսած 1998 թվականի մարտի 31-ից։ Հերթական նման «տարելիցից» հինգ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կոչ էր անում խաղաղությամբ հետաքրքրված կողմերին՝ դադարեցնել փոխադարձ մեղադրանքները. «Ցեղասպանությունների այս մրցավազքը պետք է կանգ առնի։ Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ»։ Հիշեցնենք, որ հենց Հայաստանում Հայոց ցեղասպանության թեման այժմ կառավարության կողմից մեկնաբանվում է որպես «անժամանակ» ու «անտեղի», իսկ այս թեմայով ցանկացած խոսակցություն ու քննարկում որակվում է որպես «պատերազմի հրահրում»։ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը ստիպված էր եղել աշխատանքից ազատման դիմում գրել միայն այն պատճառով, որ էքսկուրսիա էր անցկացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համար ու նրան Արցախի մասին գիրք էր նվիրել։

Ստիպված ենք փաստել, որ հայաստանյան վարչապետի այս բոլոր կոչերն ու նախկինում արված «ընդառաջ քայլերը» ադրբեջանական կողմից ցուցադրաբար անտեսվեցին։ Ավելին՝ ադրբեջանական պետական ու մերձպետական լրատվամիջոցներում հակահայկական հիստերիայի մեդիա «ներարկումը» Երևանից հնչող հերթական խաղաղասիրական կոչերից հետո ավելի ուժեղ ստացվեց, քան նախորդ տարիներին։

Հրապարակումների ընդհանուր ուղղվածությունը սահմանեց Ադրբեջանի պաշտոնական պետական լրատվական գործակալությունը՝ azertag.az-ը։ Դրա ձևակերպումները «տարընկալումների» համար որևէ տեղ չեն թողնում։ «Ձգտելով իրականացնել «մեծ Հայաստանի» գաղափարը՝ հարևան ժողովուրդների հողերի օկուպացիայի միջոցով, հայերն ամբողջ պատմության ընթացքում էթնիկ զտումներ, տեղահանություններ ու ցեղասպանություն են իրականացրել մեր հայրենակիցների նկատմամբ»․ ահա այս խոսքերով է պաշտոնական Բաքվի խոսափողն սկսում իր հոդվածը։

Իսկ նյութն ավարտվում է այսպես. «Ամբողջ պատմության ընթացքում մեր ժողովրդի դեմ հայերի կատարած բոլոր հանցագործությունների պատասխանը տրվեց Հայրենական պատերազմում, որն սկսվեց 2020 թվականի սեպտեմբերին ու տևեց 44 օր։ Ավելի քան երկու դար տևած այն վայրագությունների վրեժը, որոնք կատարել են պատրանքային «մեծ Հայաստանի» մասին երազող հայերը, մեր շեհիդների վրեժը լուծվեց մարտի դաշտում՝ հաղթանակած Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»։

ԲԱՔՈւՆ ԽՈՍՈւՄ Է ՈՉ ԹԵ ԿԱՅՈւՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԽԱՂԱՂՈւԹ  ՅԱՆ, ԱՅԼ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ Ու ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ «ԱՐԺԱՆԻ ՊԱՏԺԻ» ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁԻ» ՄԱՍԻՆ։

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների հրապարակումներում չկա «խաղաղության հռետորաբանության» նշույլ անգամ՝ նույնիսկ հեռավոր անցյալի վերաբերյալ։ Ընդհակառակը, հետևողականորեն առաջ է մղվում դրա ուղղակի ու կոշտ կապը վերջին իրադարձությունների ու հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակի հետ։ Դրանց մոտ ապագան դիտարկվում է ոչ թե «խաղաղության», «համագործակցության» և «թշնամական նարատիվներից հրաժարվելու» միջոցով, այլ բացառապես Բաքվի ինչ-որ «արդարացի», «պատմականորեն հիմնավորված» և «ռազմական ուժով ամրապնդված» պահանջների պրիզմայով, որոնք հայկական կողմը պարտավոր է անվերապահորեն կատարել։

«ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Պատմական հավակնությունների միջոցով՝ դեպի նոր պահանջներ» նույնատիպ տրամաբանությամբ էր զարգանում նաև անցնող շաբաթների ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ների համար կարևոր մեկ այլ թեմա՝ 2016 թվականի, այսպես կոչված, Ապրիլյան մարտերի տասնամյակը։

Կառավարական 1news.az կայքը դրանք նկարագրում է հետևյալ արտահայտություններով. «Հայաստանի ջախջախիչ պարտությունը փոշիացրեց հայության կողմից տարիներով սերմանվող կարծրատիպը՝ իբր հայկական բանակի «անպարտելիության» մասին, և ցույց տվեց հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում «սառեցված» տերմինի ողջ կեղծիքը … Այդ պարտությունը ցնցեց Հայաստանը, պառակտեց հայ հասարակությունն ու խորը ճեղքվածք առաջացրեց նրա հանցավոր ռազմաքաղաքական ղեկավարության մեջ»։

Իշխանամետ vesti.az պորտալը վստահորեն գիծ է քաշում 2016 թվականի իրադարձություններից դեպի Ադրբեջանի այն նարատիվներն ու պահանջները, որոնք ուղղակիորեն վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկային ու մոտ ապագային. «Ապրիլյան փորձը լոկ տեսություն չմնաց։ 2018 թվականին այն դրսևորվեց Նախիջևանի գործողությամբ, որտեղ նոր ռազմավարական դիրքեր զբաղեցվեցին։ 2020 թվականին՝ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում, այն իրականացվեց ամբողջ ծավալով… 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ավարտեց իր ինքնիշխանության վերականգնումը… Այսօր՝ տասը տարի անց, ապրիլյան մարտերն ընկալվում են ոչ թե որպես առանձին գործողություն, այլ որպես մի մեծ պատմության՝ Վերադարձի Պատմության առաջին գլուխ»։

ԴԱՐՁՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ԵՎ «1918 ԹՎԱԿԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ» ԴԵՊՔՈւՄ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՕՐԱԿԱՐԳԻՑ ՉԻ ՀԱՆՈւՄ «ՓՈԽԱԴԱՐՁ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՀՆԱՑԱԾ ՆԱՐԱՏԻՎՆԵՐՆ», ԻՆՉՊԵՍ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆՐԱՆԻՑ ԵՐԲԵՄՆ ԽՆԴՐՈՒՄ Է (ԵՎ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆԻՑ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ։ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈւՆ ՑՈւՑԱԴՐԱԲԱՐ ՈւԺԳՆԱՑՆՈւՄ Է ԴՐԱՆՔ։ ԵՎ ԱՅԴ ՖՈՆԻՆ ԱՌԱՋ Է ՔԱՇՈւՄ ԱՐԴԵՆ ՆՈՐ՝ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿՈՆԿՐԵՏ Ու ՄՈՏ ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻՏՎԱԾ «ՀԱՎԱԿՆՈւԹՅՈւՆՆԵՐ»։ ԱՅՆՊԻՍԻՔ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈւՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԻԲՐԵՎ ԹԵ ԻՐԱՎԱՄԲ ԻՐԵՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐ, ՈՐՈՆՔ ԲԱՔՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈւԹՅԱՆ ՄԵՋ ՆՇՎՈւՄ ԵՆ ՈՐՊԵՍ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»։

«ԼԱՎ ՎԱՐՉԱՊԵՏ»՝ «ՎԱՏ ՀԱՅԵՐԻ» ՀԱՄԱՐ

Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում ծավալված հակահայկական հիստերիայի ֆոնին հատկապես ցայտուն ու անսպասելի են դիտվում նույն աղբյուրների հեգնական-բարյացակամ հրապարակումները՝ նվիրված Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։ Կրկին ընդգծենք. Հայաստանի վարչապետին հաճախ գովաբանում են բառացիորեն հենց նույն ադրբեջանական լրատվամիջոցներն ու հեղինակները, որոնք հարևան էջերում ամեն կերպ անիծում են հայերին ու Հայաստանը։

Օրինակ՝ caliber.az կայքի համար Մաթանաթ Նասիբովայի վերլուծական հոդվածում հայաստանյան ներկայիս վարչապետի գործունեությունն ադրբեջանական շահերի պրիզմայով գնահատվում է որպես «անվտանգության և զարգացման երաշխիք». «Փաշինյանն ավելի ու ավելի հաստատուն հավատարմություն է ցուցաբերում Ադրբեջանի հետ խաղաղության քաղաքականությանը, ինչն անկասկած կնպաստի ինչպես հենց Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի զարգացմանը»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՃԱԽ ԳՈՎԱԲԱՆՈւՄ ԵՆ ՀԵՆՑ ԱՅՆ ՆՈւՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐՆ Ու ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՐԵՎԱՆ ԷՋԵՐՈւՄ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՆԻԾՈւՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ։

Բայց նույն Մաթանաթ Նասիբովան իր մյուս հրապարակումներում հազիվ թաքցրած արհամարհանքով ու ակնհայտ գոռոզությամբ պարբերաբար Հայաստանն անվանում է «այդ երկիրը», խոսում նրա համար «հեղինակության վերաձևակերպման» անհրաժեշտության մասին (նկատի ունենալով, որ Հայաստանի ներկայիս հեղինակությունը բավարար չէ), օգտագործում է այնպիսի դարձվածքներ, ինչպիսիք են «հայերի, այսպես կոչված, ցեղասպանությունը», հայ գերիներին ու անհետ կորածներին հավասարեցնում է «նացիստական առաջնորդներին» և այլն։

Պաշտոնական Բաքվի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում նկատելի ակտիվություն է ցուցաբերում սկանդալային բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որին այնտեղ մեջբերում են որպես «հեղինակավոր լրագրող»։ Նա երախտապարտ ադրբեջանցի ընթերցողին հայտնում է. «Չնայած հիբրիդային պատերազմներին, չնայած մեծ քանակությամբ ֆեյքերին՝ (Հայաստանի) վարչապետի վարկանիշն անընդհատ աճում է, որովհետև այստեղ և՛ խաղաղության օրակարգն է, և՛ դպրոցների, մանկապարտեզների շինարարության շարունակությունը։ Շանսերը շատ բարձր են։ Ես վայրկյան անգամ կասկած չունեմ, որ Փաշինյանը կհաղթի։ Ես դրանում վստահ եմ 100%-ով»։

Ռոման Բաղդասարյանին դժվար է «հարգարժան փորձագետ» և գրագետ կանխատեսող համարել։ Ի սկզբանե նա ադրբեջանական ԶԼՄ-ների սիրելին դարձավ այն բանի համար, որ բազմիցս արցախցիներին անվանել է «թմրամոլներ», «ալկոհոլիկներ», «դավաճաններ» ու «մարդասպաններ»։ 2025 թվականի մայիսին Հայաստանի Քննչական կոմիտեն նույնիսկ քրեական գործ էր հարուցել Բաղդասարյանի նկատմամբ՝ նրա վիրավորական արտահայտությունների կապակցությամբ։ Սակայն այդ գործը հետագայում որևէ զարգացում այդպես էլ չստացավ։ Ուստի պաշտոնական ադրբեջանական լրատվամիջոցների ամենաթարմ հրապարակումներում (2026 թվականի մարտ) Բաղդասարյանը Փաշինյանին ընդդիմադիր բոլոր քաղաքական գործիչներին արդեն բացահայտ անվանում է «հանցագործներ, ավազակներ ու մարդասպաններ»։

ԱԽՈՐԺԱԿՆ ՈւՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈւՄ

Գեթ մեկ քայլ չնահանջելով հակահայկական հռետորաբանությունից լայն իմաստով՝ ադրբեջանական քաղաքական փորձաքննությունը երբեմն չափազանց անկեղծ է գտնվում Հայաստանի ներկայիս կառավարության այն գործողությունների գնահատականներում, որոնք օգուտ են բերում Բաքվին։

Այսպես, բաքվի «Atlas» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն Modern.az-ի էջերում հնչեցնում է հետևյալ գնահատականները. «Փաշինյանը նաև որոշակի մեթոդներ է կիրառում… արդարացիորեն վախեցնում է հայ հասարակությանը՝ հայտարարելով, որ արմատականների ընտրությունը կհանգեցնի Ադրբեջանի հետ պատերազմի, և նշում է, որ նոր պատերազմում հայերի կորուստներն ավելի մեծ կլինեն։ Այս հարցում նա միանգամայն իրավացի է»։ Նույն Էլխան Շահինօղլուն ողջունում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները. «Փաշինյանի գլխավոր նպատակներից մեկը եկեղեցու պառակտումն է։ Ես հավատում եմ, որ այդ կերպ նա կհասնի իր նպատակին»։ Հենց ինքը՝ Շահինօղլուն, դատելով նրա ավելի վաղ հրապարակումներից, այն բանի կողմնակիցն է, որ Հայաստանը, «որը բազմիցս դավաճանել ու հարվածներ է հասցրել Ադրբեջանին», «վերջապես ճանաչի իր տարածաշրջանի իրականությունը, որտեղ ամենաուժեղ պետությունն Ադրբեջանն է»։

«Խաղաղությունը ոչ միայն համաձայնագիր է, այլև հոգեվիճակ»,– ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին՝ հենց այն ժամանակ, երբ հերթական անգամ կոչ արեց դադարեցնել «ցեղասպանությունների մրցավազքը»։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների օրակարգում խորասուզվելուց հետո հիմնավոր կասկածներ են առաջանում, որ մեր հարևանների «հոգեվիճակը» տեղավորվում է խաղաղ բարիդրացիության ռազմավարության մեջ։ Սա անտեսելը դժվար է։

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԲԱՔՎՈւՄ ԱՌԱՅԺՄ ԴԻՏԱՐԿՎՈւՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՈՐՊԵՍ ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈւ ՈւՂԻ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ՇՈւՏ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈւՂՂՎԱԾ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ԿՈւՐՍԻ ՏԱՐՐ, ՈՐՊԵՍ ՄԻ ՏԵՍԱԿ «ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ» ՀԱՅԱՍՏԱՆԻ Ու ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍ «ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ» ՆՈՐ ԳԼՈւԽ, ՈՐԸ ՆԵՐԱՌՈւՄ Է «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՍՏԵՂԾՈւՄԸ ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈւՄ ԿԱՄ ԴՐԱ ՓՈԽԱՐԵՆ։

Դժվար է հավատալ, որ այս բոլոր պահանջներն ու հավակնությունները ինչ-որ կերպ կվերանան ինքնուրույն, եթե դրանք պարզապես անտեսվեն, կամ առավել ևս՝ ի պատասխան Երևանից հնչող խաղաղասիրական ազդակների։ Առայժմ մենք տեսնում ենք, որ նման ազդակները միայն ուժեղացնում են ճնշումն ու բարձրացնում «սպասումների նշաձողը»։ Միակ բանը, որ մենք առայժմ իրականում տեսնում ենք, այդպիսի «ազդակների» անմիջական հեղինակների նկատմամբ վերաբերմունքի հեգնական մեղմացումն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *