Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆԱՊԱՀՈՎՈւԹՅՈւՆ

Կառավարությունը Հայաստանի համար փնտրում է «հավաքական անվտանգության» այլընտրանքային գործիքներ՝ լինեն դրանք Եվրամիության կառույցները, ԱՄՆ-ը, թե ՆԱՏՕ-ի բլոկը: Սակայն առաջիկայում ԱՄՆ-ն ու Եվրոպան ակնհայտորեն ժամանակ չեն ունենա Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին խոսելու համար: Եվ միակ կայուն ռազմաքաղաքական «հավաքականը», որին կարող է հանձնվել Հայաստանը, «Ադրբեջան – Թուրքիա» տանդեմն է:

«ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈւԹՅԱՆ» ԹՈւՐՔԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈւՄԸ

Ապրիլի կեսերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին, ով պաշտոնը ստանձնել էր մարտի վերջին: Հարկ է ընդգծել, որ 2023-ից 2026 թվականներին Քևին Համիլթոնը զբաղեցրել է Թուրքիայում Կանադայի դեսպանի պաշտոնը՝ միաժամանակ հավատարմագրված լինելով նաև Ադրբեջանում:

Մեր պաշտոնական լրատվամիջոցներն ինչ-ինչ պատճառներով Համիլթոնի այցը Երևան մատուցեցին որպես «առաջինը նոր պաշտոնում»՝ փորձելով այն ներկայացնել որպես ինչ-որ նշանակալի իրադարձություն: Սակայն նույնիսկ դա օբյեկտիվորեն այդպես չէ: Մեկ շաբաթ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՆԱՏՕ-ի նոր տարածաշրջանային տնօրենն այցելել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Համիլթոնը բարձր էր գնահատել Ադրբեջանի հետ երկարատև ու փոխշահավետ համագործակցությունը, ընդգծել «գործընկերության գործիքների օգտակարությունը և համատեղ նախագծերի կարևորությունը»:

Այն փաստը, որ Համիլթոնը հետագայում գրեթե նույնանման հավաստիացումներ արեց նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ Հայաստանի հասցեին, չպետք է որևէ մեկին մոլորության մեջ գցի: Կարևորն այն է, թե ինչ յուրահատկությունների մեջ է կողմնորոշվում տվյալ անձը, ում դիրքորոշումն է նրան քաջածանոթ, իսկ ումը նորից պետք է պարզաբանի: Եվ ինքնաբերաբար ստացվում է, որ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության գծով Նիկոլ Փաշինյանի գովերգված «բազմավեկտորությունը» հստակ «թուրք-ադրբեջանական» շեշտադրում է ձեռք բերում:

ՌԱԶՄԱԿԱՆ ԶՈՐԱՇԱՐԺԵՐ՝ «ՀԱՆՈւՆ ԽԱՂԱՂՈւԹՅԱ՞Ն»

Հայաստանի համար նման «հավաքական անվտանգության» ընդհանուր ուրվագծերը հեշտ է գնահատել: Կարելի է, օրինակ, նայել Ադրբեջանի հետ համատեղ ռազմական զորաշարժերի և վարժանքների ցանկին, որոնք Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի բլոկի լիիրավ ու բավականին ազդեցիկ անդամ, անցկացրել է Հայաստանի սահմանների մոտ 2025-2026 թվականներին, այսինքն՝ հենց այն ժամանակ, երբ հանրությանը քնեցնում էին «խաղաղության գործընթացի առաջընթացով»:

Միգուցե Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ իշխանության ղեկին մնալու դեպքում թուրք-ադրբեջանական «զենքի այս ողջ շաչյունը» մեր սահմանների մոտ կդադարի՞: Նման բան ակնկալելու որևէ օբյեկտիվ հիմքեր չկա՛ն:

Ավելին, հենց Փաշինյանի իշխանության տարիներին այս «զորաշարժերը» հնարավոր դարձան ու լրացուցիչ «սնուցում» ստացան 2020 և 2023 թվականների իրադարձություններով: Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում իշխանության ներկայիս կոնֆիգուրացիայի պահպանումը ևս մեկ վստահ քայլ կդառնա նրանց «վերադարձի մեծ ճանապարհին»: Միայն թե հիմա՝ դա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դրոշների ներքո անելու լիակատար հնարավորությամբ:

ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Մինչդեռ 2026 թվականի ապրիլին Եվրամիությունը փոխեց Հայաստանում իր EUMA քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ղեկավարին: Գերմանացի Մարկ Ռիտտերի փոխարեն առաքելությունը գլխավորեց ծնունդով ֆինն Սատու Կոյվեն: Հատկանշական է, որ Ադրբեջանը, որը նախկինում բազմիցս բողոքել էր առաքելության գոյության փաստի դեմ, այս նոր նշանակումը շատ հանգիստ ընդունեց:

Հնարավոր է՝ պատճառն այն է, որ Սատու Կոյվեն մինչ Հայաստանում նշանակվելը երկար տարիներ աշխատել է Թուրքիայի կողմից վերահսկվող, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունում, որտեղ այսպես կոչված «բուֆերային գոտում»՝ կղզու «հունական» և «թուրքական» հատվածների միջև ընկած տարածքում, գլխավորել է ՄԱԿ-ի զինված ուժերի ոստիկանական ստորաբաժանումը: Նա Թուրքիայում լավ համբավ ուներ:

«Գործընկերություն հանուն խաղաղության» մասին խոսակցությունների ներքո Եվրամիությունը փաստացի արդեն ներառում է Հայաստանը թուրքական ազդեցության ոլորտի ինչ-որ «բուֆերային գոտիների» հարացույցում: Հնարավոր է՝ սա ինչ-որ կերպ համահունչ է Ադրբեջանի հայտնի փորձերին՝ բարձրացնել հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձի հարցը ներկայիս Հայաստանի տարածք, նրանց կողմից զբաղեցված «բնիկ հողերի» վրա աստիճանաբար ստեղծել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը», կամ, յուրատեսակ «Հյուսիսային Կիպրոս 2.0»-ն:

Իրենց ներկայիս կադրային որոշումներով թե՛ ԵՄ-ն, թե՛ ՆԱՏՕ-ն առնվազն ընդունում և հաշվի են առնում իրադարձությունների նման զարգացման հավանականությունը:

ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԲԱՌԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ. «Ձմեռային վարժանքներ – 2025» (Kış-2025), Կարս (Թուրքիա): Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումների համատեղ գործողություններ ձմեռային ու լեռնային պայմաններում, գրոհային ստորաբաժանումների մարտունակության ստուգում:

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-30. «Փրկարար-2025» (KURTARAN-2025), Մարմարիս (Թուրքիա): Թուրքիայի Հանրապետության ռազմածովային ուժերը, ցամաքային զորքերը, ռազմաօդային ուժերն ու առափնյա պահպանության ուժերը փոխգործակցություն են մշակել Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների հետ:

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-30. «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» (Mustafa Kemal Atatürk-2025) + «Անսասան եղբայրություն-2025» (Sarsılmaz Qardaşlıq-2025), Նախիջևան (Ադրբեջան): Մարտական հրաձգությամբ վարժանքներ՝ համակցված Ադրբեջանի առանձին համազորային բանակի ու Թուրքիայի ԶՈւ շտաբային վարժանքների հետ՝ տանկային, մոտոհրաձգային ու գրոհային ստորաբաժանումների կառավարման գծով:

2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ. «Կովկասյան արծիվ-2025» (Kafkas Kartalı-2025), Անկարա (Թուրքիա): Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների վարժանքներ՝ հրթիռահրետանային ու ավիացիոն խմբերի հետ փոխգործակցությամբ:

2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24 – ԱՊՐԻԼԻ 1. «Հեյդար Ալիև-2026» (Heydar Aliyev-2026) + «Անսասան եղբայրություն-2026» (Sarsılmaz Kardeşlik-2026), Կարս/Սարիղամիշ (Թուրքիա): Զորաշարժեր «ժամանակակից մարտի պայմանների» ու «լայնամասշտաբ մարտական գործողությունների» մշակման նպատակով՝ համակցված թուրք-ադրբեջանական հրամանատարաշտաբային վարժանքների հետ՝ զորքերի կառավարման համակարգչային/սիմուլյացիոն աջակցությամբ:

2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-28. «ԹուրԱզի Արծիվ» (TurAz Qartalı–2026), Ադրբեջան (օդանավակայաններ ու պոլիգոններ): Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ թռիչքային-տակտիկական վարժանքներ, օդային գործողությունների, ցամաքային ու օդային թիրախների խոցման մշակում, անօդաչու միջոցների կիրառում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *