Տաճարներ-զավակները՝ սպանված ու ծվատված
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին հայտնի դարձավ ադրբեջանական իշխանությունների կողմից Ստեփանակերտի երկու հայկական տաճարների լիակատար ոչնչացման մասին՝ քաղաքային Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմն ու հասարակության մտահոգ ներկայացուցիչներն այս գործողությունները որակեցին որպես պետական վանդալիզմի և «մշակութային ցեղասպանության» հերթական ակտեր: Սակայն Հայաստանի իշխանությունները կրկին կոչ արեցին «զգուշություն ցուցաբերել» գնահատականներում ու արձագանքներում: Ի՞նչ կլինի, երբ հասարակությանը պարտադրված այս համբերությունը սպառվի:
Ծանր է երիտասարդներին հողին հանձնելը
Մեկնաբանների մեծ մասը բաց թողեց տեղի ունեցածի կարևորագույն խորհրդանշական ասպեկտը. այս անգամ Ստեփանակերտում ոչնչացվել են ոչ թե պատմության ու մշակույթի հնագույն հուշարձաններ, այլ դեռևս «երիտասարդ», «կենդանի» տաճարներ, որոնցից յուրաքանչյուրը նույնիսկ 20 տարեկան չկար: Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնարկեքը կատարվել էր 2006 թվականի հուլիսի 19-ին, իսկ խորանն օծվել էր 2019 թվականի ապրիլի 7-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ձեռամբ: Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանի միջոցներով՝ ի հիշատակ իր որդու՝ Հակոբի: Այն ժամանակ եկեղեցին Ստեփանակերտցիների համար դարձավ հոգևոր կենտրոն, որը խորհրդանշում էր քաղաքի վերածնունդը՝ տասնամյակներ տևած խորհրդային աթեիզմից հետո:
Ընդամենը 4 տարի առաջ այս տաճարներում մատուցվում էին պատարագներ, հնչում էին աղոթքներ՝ թողության, առողջության, բարօրության մասին: Խաղաղության մասին: Այնտեղ պսակադրվում էին, երեխաներ մկրտում: Ողջ են շատ շինարարներ ու այդ տաճարների ծխականներ՝ նրանք, ում բախտ է վիճակվել չհայտնվել սպանվածների կամ անհետ կորածների ցուցակներում: Նրանք վտարվեցին իրենց հողից, կտրվեցին իրենց տներից ու սրբավայրերից, սփռվեցին աշխարհով մեկ, բայց նրանք ամեն ինչ տեսնում են ու ամեն ինչ հիշում: Իսկ երիտասարդ տաճարները հեռացան: Անժամանակ ու ողբերգիկ: Սպանվեցին, ոչնչացվեցին, տրորվեցին:
Երիտասարդներին հողին հանձնելը միշտ շատ ավելի ցավոտ է ու սարսափելի: Ստեփանակերտի այս տաճարները քարից ու պողպատից «հայ զավակներ» են, որոնք այժմ հավերժ մնացին Արցախի հողում: Նրանք նույնպիսին են, ինչպես հանրապետության պաշտպան հազարավոր սպանված ու անհետ կորած հայերը: Եվ նույնիսկ իշխանությունների վերաբերմունքը նրանց հանդեպ նույնն է՝ նրանք այսօր «խոսելու առարկա» չեն ու «անժամանակ թեմա» են:
«Հայաստանը չի պատրաստվում միջազգային մակարդակի բարձրացնել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման հարցը… Ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով պետք է չափվի ձեզ համար… Հաշվի առնելով մեր նախկին փորձը՝ չեմ կարծում, թե մենք սա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա: Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ հասկանանք», – հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կեղծավորության դասեր վատ դպրոցում
Հայաստանին անընդհատ կոչ են անում «դասեր քաղել պատմությունից», չկրկնել սխալները, «չհրահրել», օրինակ ծառայել ուրիշներին՝ լինել ջանասեր ու հնազանդ աշակերտ: Սակայն այս «աշխարհաքաղաքական դպրոցում»՝ «ուսուցիչների» լռելյայն թողտվությամբ․ Հայաստանն ինչ-ինչ պատճառներով դառնում է դասական «բուլինգի» զոհ՝ ավելի ուժեղ «դասընկերների» կողմից մշտական ծաղրանքների ու բացահայտ հալածանքների թիրախ։
Չգիտես ինչու, նրան այսօր բաժին հասած բախտը նվաստացումներ, հարվածներ ու թքոցներ հանդուրժելն է՝ առանց որևէ պատասխանի իրավունքի: Պարբերաբար ասել «ճիշտ բառեր» ու դպրոցական հանդեսներին (կարդա՝ միջազգային գագաթնաժողովներին) հանդես գալ «տոնական համազգեստով» «արժանապատիվ հանրության» առջև և հենց այդտեղ՝ հանդիսավոր զարդարված բեմի հետևի մութ անկյունում, մեջքին ստանալ հերթական հարվածը:
Մեզ նորից ասում են «ամբողջությամբ հասկանալու» անհրաժեշտության մասին: Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած վատ դպրոցում ուսուցիչները հովանավորում են խուլիգաններին, հենվում նրանց հեղինակության վրա, հաճախ իրենք էլ նրանցից վախենում: Աչք են փակում նրանց լկտիությունների վրա: Բայց հենց անպաշտպան զոհը բարձրացնում է ձայնն ի պաշտպանություն իրեն՝ նրան ամոթանք են տալիս, լռեցնում, մեղադրում «գանգատվելու», «ագրեսիվության», «անարժան վարքագծի» մեջ:
Նման հանգամանքներում առհասարակ ի՞նչ կարելի է «սովորել»: Թերևս միայն կեղծավորություն, դառնություն, ատելություն: Ի վերջո, նման «հալածանքը» պարտադրված «երկարակեցության» ֆոնին կարող է մեր հասարակությանը հանգեցնել բնավ ոչ «հասկանալու» կամ «ընդունելու», այլ սարսափելի «նյարդային պոռթկման» ու բոլորի համար մեծ աղետի: