Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

«Գենդերային ինքնությունն» ավելի կարևոր է, քան գերիների պաշտպանությո՞ւնը

Ո՞ր խնդիրների վրա է կենտրոնացած Հայաստանի «գլխավոր իրավապաշտպան» Անահիտ Մանասյանը: Ինչո՞վ են նրա շահերը համընկնում գործող կառավարության նպատակների ու խնդիրների հետ: Եվ ինչո՞ւ է «ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությունն» այսօր նրա համար դառնում ավելի կարևոր, քան Ադրբեջանում գտնվող գերիների ու պատանդների, ՀԱԵ հետևորդների կամ դատական կամայականությունների զոհերի իրավունքները:

Գերիները՝ «լիազորություններից դուրս»

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտից ուղերձ է հղել Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանին: Նա հետաքրքրվել է՝ արդյոք պետական իրավապաշտպանը դիտարկո՞ւմ է մոնիթորինգային առաքելությամբ Ադրբեջան այցելելու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տևական ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի: Այս պայմաններում ինստիտուտը, որը պարտավոր է պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, նախաձեռնողականության բացակայություն է դրսևորում», – արձանագրված էր ուղերձում:

Անահիտ Մանասյանը արագ և միանշանակ պատասխանեց: Նա կտրականապես հրաժարվեց այցելել Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին և առհասարակ որևէ երկխոսություն վարել այդ ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե նրանց իրավունքների խախտումն իբր գտնվում է իր իրավասությունների ու մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից դուրս: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ունի լիազորություններ մոնիթորինգային այցեր իրականացնելու ազատազրկման վայրեր… բացառապես ՀՀ տարածքում», – ընդգծել է Մանասյանը:

Հայաստանի տարածքում նրա գերատեսչությունն իրոք շատ անելիք ունի: Առնվազն՝ թղթաբանական: Ռուբեն Վարդանյանի աղմկահարույց ուղերձից անմիջապես առաջ խորհրդարանում լսեցին Անահիտ Մանասյանի գործունեության տարեկան զեկույցը: Տեղեկատվական լրահոսում հայտնվեցին այդ փաստաթղթի միայն քաղվածքներն ու վերաշարադրանքները: Բայց նույնիսկ դրանցով կարելի է գնահատել դրա «ուղղվածությունը»:

Եկեղեցին՝ «իրավասությունից դուրս»

Օրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր մասշտաբներով աննախադեպ հարձակումը, որն ուղեկցվում է ձերբակալություններով, սպառնալիքներով, հանրային կոպիտ վիրավորանքներով ու ԶԼՄ-ներում իրականացվող հալածանքներով, օմբուդսմենի կողմից հմտորեն «քողարկվել էր» ընդհանուր հարցերով՝ «կապված դավանանքի ազատության և առհասարակ կրոնի հետ»: Ինչպես հայտնել է ինքը՝ Մանասյանը. «Մենք արձանագրել ենք, որ անցյալ տարի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների ու նրանց ներկայացուցիչների նկատմամբ տեղի են ունեցել ատելության տարբեր դրսևորումներ և թիրախավորված հռետորաբանություն»: Օմբուդսմենը չի բերել որևէ այլ կրոնական կազմակերպության նկատմամբ ատելության դրսևորման կոնկրետ օրինակներ, որոնք իրենց մասշտաբով համադրելի կլինեին ՀԱԵ-ի դեմ իրականացվողի հետ:

Ավելի վաղ՝ 2026 թվականի փետրվարին, Անահիտ Մանասյանն արդեն հրաժարվել էր ուղիղ պատասխանել լրագրողների հարցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի իրավունքների խախտման վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե ինքն «իրավասու չէ որևէ մեկին ճանաչել կամ չճանաչել որպես Եկեղեցու, կրոնական կազմակերպության ղեկավար»: Այսինքն՝ փաստացի Եկեղեցու պաշտպանության հարցը դուրս բերեց իր մասնագիտական իրավասությունների շրջանակից՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության դեպքում:

«Անիրավասության» կամ «լիազորությունների բացակայության» մասին հղումները վերջին շրջանում Անահիտ Մանասյանի շուրթերից հնչում են բավականին հաճախ, ու տարօրինակ զուգադիպությամբ՝ հենց այն թեմաների վերաբերյալ, որոնք առավել անհարմար են գործող կառավարության համար: Օրինակ՝ խորհրդարանում ելույթ ունենալիս Մանասյանը ստիպված էր արձանագրել դատական մարմինների գործունեության դեմ բողոքների մշտական աճը՝ կապված անօրինական ձերբակալությունների, անարդար դատական որոշումների և այլնի հետ, ու անմիջապես ընդգծեց, որ «լիազորություններ չունի» միջամտելու նրանց աշխատանքին:

«Գենդերային ինքնության» պաշտպանության դիրքերում

Եթե օմբուդսմեն Անահիտ Մանասյանը «իրավասու չէ» պաշտպանել միլիոնավոր հավատացյալների իրավունքները, «լիազորված չէ» պաշտպանել ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները արտերկրում, «իրավունք չունի» միջամտել անարդար դատական որոշումներին, ապա ո՞ր ոլորտներում է նա գործնականում կիրառում իր «իրավասություններն» ու «լիազորությունները»: ու

Պատասխանը կարելի է գտնել, օրինակ, հայաստանյան Pink Human Rights հասարակական կազմակերպության կայքում: Պարզվում է, 2025 թվականի արդյունքներով Անահիտ Մանասյանի զեկույցում արձանագրվել է, որ «չնայած 2025 թվականին իրականացված ուսուցման և իրազեկվածության բարձրացման մի շարք նախաձեռնություններին, ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը դեռևս անբավարար է ու պահանջում է ավելի համակարգված, շարունակական և արդյունավետ մոտեցում»:

Արդեն առանց «լիազորությունների բացակայության» կամ «անիրավասության» մասին որևէ հղման՝ Անահիտ Մանասյանը վստահ ու մասնագիտորեն «գալիս է եզրահանգման» այնպիսի միջոցառումների անհրաժեշտության մասին, ինչպիսիք են՝ «մշտական տեղեկատվական արշավների կազմակերպումը՝ ուղղված կարծրատիպերի հաղթահարմանն ու հանդուրժողականության խթանմանը», «ոլորտային ուղեցույցների և գործիքների մշակումը ԼԳԲՏ+ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար», և վերջապես՝ «օրենսդրության մեջ «սեռական կողմնորոշում» ու «գենդերային ինքնություն» հասկացությունների հստակ ամրագրումը՝ որպես պաշտպանվող հատկանիշներ»:

«Արտահանվող» մարդու իրավունքներ

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակն ունի միջազգային «Ա» կարգավիճակ (ազգային իրավապաշտպան հաստատությունների բարձրագույն հավատարմագրում) ոի Եվրոպական օմբուդսմենների ցանցի լիիրավ անդամ է: Սա նշանակում է, որ Անահիտ Մանասյանի զեկույցը կուղարկվի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարան: Հավանաբար, հենց սրանով է բացատրվում դրա ընդգծված «արտահանման» բնույթը:

Չէ՞ որ Արցախի պատանդների ու գերիների, կամ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների, կամ դատական կամայականություններից տառապող մարդկանց պաշտպանության հարցերն ունեն վառ արտահայտված «լոկալ առանձնահատկություն». դրանք չափազանց արդիական ու կարևոր են, բայց բացառապես հենց Հայաստանի համար: Փոխարենը՝ պայմանական «ԼԳԲՏ իրավունքները» համարվում են «ունիվերսալ արժեք», որոնք լիովին հասկանալի են եվրոպական ցանկացած կառույցում: Այս առումով Անահիտ Մանասյանի շահերը լիովին համընկնում են գործող իշխանությունների շահերի հետ, որոնք պատրաստվում են հյուրընկալել եվրոպական ներկայացուցչական պատվիրակությանը «ԵՄ – Հայաստան» գագաթնաժողովի շրջանակներում:

Մնում է միայն մեկ հարց. քանի դեռ թե՛ իշխանությունները, թե՛ իրավապաշտպանները զբաղված են «արտահանման» համար նախատեսված նման ինքնապրեզենտացիայով, ո՞վ է իրականում հոգալու հենց Հայաստանի քաղաքացիների իրավունքների, խնդիրների ու կարիքների հարցը:

Եթե օմբուդսմեն Անահիտ Մանասյանն «իրավասու չէ» պաշտպանել միլիոնավոր հավատացյալների իրավունքները, «լիազորված չէ» պաշտպանել ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքներն արտերկրում, «իրավունք չունի» միջամտել անարդար դատական որոշումներին, ապա ո՞ր ոլորտներում է նա գործնականում կիրառում իր «իրավասություններն» ու «լիազորությունները»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *