Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Արևմտյան Ադրբեջան. Հայաստանի ոչնչացման 5 քայլերը

Քայլ 1. Տարածքների կորուստ

Արցախի կորստից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին 100 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց տները, Ադրբեջանը շարունակում է ինքնիշխան Հայաստանի տարածքների օկուպացիան։ Բաց քարտեզագրական աղբյուրների ու OSINT հաշվարկների տվյալներով՝ Հայաստանի տարածքից ավելի քան 240 քառակուսի կիլոմետր գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ՝ հիմնականում Ջերմուկի (Վայոց Ձոր), Վերին Շորժայի (Գեղարքունիք) ու սահմանամերձ այլ հատվածների մերձակայքում։

Ներքին Հանդ գյուղը դարձել է սահմանամերձ հայաթափման խորհրդանիշը. ադրբեջանական դիրքերի մոտ լինելու պատճառով բնակչությունը գրեթե ամբողջությամբ լքել է գյուղը։ Ու սա եզակի դեպք չէ. Տավուշի, Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանամերձ գյուղերը բնակչության զանգվածային արտահոսք են ապրում։

Միաժամանակ Բաքուն ակտիվորեն առաջ է մղում հայկական բնակավայրերի ու աշխարհագրական օբյեկտների ադրբեջանական անվանումները։ Տեղանունների ջնջումը ժողովրդի հիշողության, նրա հողի նկատմամբ իրավունքի ու պատմության խորհրդանշական ջնջումն է։

Քայլ 2. Ազգային ինքնության կորուստ

Իշխանությունները համակարգված պատերազմ են մղում Հայ Առաքելական Եկեղեցու՝ ազգային ինքնության առանցքային ինստիտուտի դեմ։ Այն բանից հետո, երբ 2026 թվականի փետրվարին Հայ Առաքելական Եկեղեցին որոշեց Եպիսկոպոսաց դասի ժողով գումարել ավստրիական Սանկտ Պյոլտենում, մի շարք հոգևորականների արգելվեց երկրից դուրս գալ, իսկ բարձրաստիճան հոգևորականների մի մասի նկատմամբ գործեր հարուցվեցին ու խափանման միջոցներ կիրառվեցին։ Երբ Եկեղեցու, խորհրդանիշների ու լեզվի նկատմամբ ճնշումը նորմա է դառնում, երկիրը վերածվում է պարզապես մի տարածքի, որը զրկված է ներքին առանցքից։

Քայլ 3. Տնտեսական անկախության կորուստ

TRIPP տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրն արդեն ստորագրված է, ինչն առանցքային տարանցիկ ենթակառուցվածքների նկատմամբ տասնամյակներով վերահսկողության փոխանցում է նշանակում: Սա «ներդրում» չէ, այլ կախվածության բանաձև. հիմնական ֆինանսական հոսքերը (տարանցման վճարներ, առևտրային գործունեություն, ռենտա-վճարներ) անցնում են դրսից վերահսկվող փաթեթ ունեցող ընկերության միջոցով, իսկ Հայաստանին խոստացված 26 տոկոսը ոչ թե երաշխիք է, այլ մի բաժնեմաս, որը միշտ էլ ավելի հեշտ է «վերանայել», երբ խաղադրույքները բարձրանան:

«Միջանցք» բառը ստերիլ է հնչում, բայց գործնականում դա արտաքին կառավարում է ու հզորների թելադրանք, ինչպես նաև քրեական զգալի ռիսկեր. մեր տարածքով է անցնելու հերոինի երթուղին, ահաբեկիչների ու սպառազինությունների տարանցումը: Թուրքիայի հետ սահմանի բացումն առանց պաշտպանիչ մեխանիզմների հարված կհասցնի ՓՄՁ-ներին, կխորացնի գործազրկությունն ու շուկան կենթարկի ավելի հզոր արտադրողին, իսկ պարտքերի ու ստրկացուցիչ պարտավորությունների աճը երկիրը կմոտեցնի դեֆոլտի ռիսկերին:

Քայլ 4. Ինքնիշխանության կորուստ

Հայաստանի իշխանությունները երկիրը զրկում են պաշտպանունակությունից՝ կրճատելով պաշտպանական բյուջեն 15 տոկոսով ու հասցնելով այն 1,5 միլիարդ դոլարի, և նվազեցնելով ժամկետային զինծառայության տևողությունը 24-ից 18 ամսվա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն մինչև 4,1 միլիարդ դոլար (4,8 տոկոս աճ), իսկ Թուրքիան՝ մինչև 47 միլիարդ դոլար (30 տոկոս աճ)։

Բանակի «բարեփոխումների» մասին ցանկացած խոսակցություն վերածվում է դրա ապամոնտաժման գործընթացի, իսկ երկիրն առանց վահանի է մնում առավելագույն խոցելիության պահին՝ հակառակորդի բազմապատիկ գերազանցության պայմաններում։ Թշնամու միակողմանի պահանջների վրա հիմնված Խաղաղության պայմանագիրը ոչ թե փակում է հակամարտությունն, այլ նոր պահանջների համար տարածք է ընդլայնում։ Սահմանադրության փոփոխությունները, որոնք քննարկվում են արտաքին ճնշման ներքո, կդառնան Հայաստանը մանիպուլյացիաների օբյեկտի վերածելու իրավական ամրագրում։ Թշնամու թելադրանքով վերաշարադրված Սահմանադրությունը դադարում է լինել ազգի վահանն ու վերածվում է պետության լուծարման քայլ առ քայլ հրահանգի։

Քայլ 5. Ամեն ինչի կորուստ

Ըստ «Վերադարձի հայեցակարգի»՝ ավելի քան 300 հազար ադրբեջանցի պետք է վերաբնակեցվի Հայաստանում։ Սրանք փախստականներ չեն, սա գաղութացման կազմակերպված ալիք է. «վերադարձի հայեցակարգը» նախատեսում է սեփականության իրավունքների (հող, կապիտալ, փոխհատուցումներ) վերաբաշխում հենց հօգուտ «վերադարձածների»։

Հայատյացությունը սոցիալական ճնշման ու անվտանգության սպառնալիքի գործոն կդառնա՝ հայերին վերջնական արտագաղթի դրդելով։ Հզոր ադրբեջանական համայնքի ձևավորումը՝ ինքնավարացման հեռանկարով, կհանգեցնի տարածքի լիակատար հայաթափմանն ու ապաքրիստոնեացմանը։ Հայաստան կհորդի փողատեր ու սեփական կամքը թելադրելու իրավունքով տերերի հոսքը։ Այս սխեմայում մեզ սեփական հողում փախստականի դերն է վերապահված։ Հայաստանի լուծարման նախագիծն արդեն հաստատված է ու գործարկված. սկզբում երկիրը կկորցնի սահմանամերձ շրջանները, ապա կգա քաղաքների հերթն, ու ի վերջո մեր երկիրը կվերածվի Արևմտյան Ադրբեջանի՝ առանց հայերի պետության ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *