Արևմտյան Ադրբեջանի քրոնիկոնը
Արևմտյան Ադրբեջանի քրոնիկոնը
«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»
Հայաստանի քաղաքացիները միավորվում են, որպեսզի պաշտպանեն իրենց երկրի ազատությունը, անկախությունն ու պատիվը:
Ստեղծվել է «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժումը: Սա առաջին իրապես հնչեղ արձագանքն է այն էքսպանսիոնիստական հայեցակարգին, որը հետևողականորեն առաջ է մղվում պաշտոնական Բաքվի կողմից՝ իր պատմաբանների, իրավաբանների, դիվանագետների ու քարոզիչների միջոցով: Հայ հասարակությունն ինքը՝ սեփական նախաձեռնությամբ ու առայժմ առանց պետական որևէ աջակցության, ձևավորում է մտահոգ անհատների հորիզոնական ցանց, որոնք «Ո՛Չ» են ասում Հայաստանի Հանրապետությանը սովերենությունից, պետականությունից ու նույնիսկ անվանումից զրկելու ծրագրերին:
Շարժման ակտիվիստներն առանձնացրել են «դեպի Արևմտյան Ադրբեջան տանող հինգ քայլերը»՝ կազմել Հայաստանի «սպառնալիքների քարտեզը», որին պետք է հակահարված տալ հենց հիմա:
Քայլ առաջին. «Պատմության վերաշարադրում»
Էթնիկ զտումներն ու տեղահանությունները, պատերազմներն ու ցեղասպանությունները, պատմության ողբերգական իրադարձությունները «Արևմտյան Ադրբեջանի» ակտիվիստների կողմից մեկնաբանվում են միակողմանի ու ընտրողաբար: Ո՛չ մի խոսք չկա ավելի քան 400 հազար հայերի մասին, ովքեր վտարվել են ներկայիս Ադրբեջանի տարածքից միայն 20-րդ դարի 80-ականների վերջին: Ո՛չ ոքի չի հուզում 2023 թվականին Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված 130 հազար փախստականների խնդիրը:
Փոխարենը, Հայաստանի ներկայիս տարածքից «ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների» խնդիրը դիտարկվում է պատմական հեռանկարում՝ «Էրիվանյան խանության ժամանակներից»: Հողի ցանկացած կտոր, որտեղ դարերի ընթացքում գոնե մեկ անգամ ադրբեջանցու ոտք է դիպել, ադրբեջանական է հայտարարվում «ըստ իրավունքի»: Խոսքն ընդհանուր առմամբ միլիոնավոր ադրբեջանցիների իրավունքների մասին է՝ ներառյալ այսօր ապրող 500 հազարը: Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանին պարտադրվի «պարտապան կողմի» դերը, որը պարտավոր է միակողմանիորեն «ուղղել անցյալը»:
Ժամանակն է «Ո՛Չ» ասելու «ժողովրդագրական խաբեբայությանն» ու «պատմական ստահոդությանը», որոնք օգտագործվում են հայկական պետականության վրա հարձակվելու համար:
Քայլ երկրորդ. «Միջազգային օրինականացում»
«Արևմտյան Ադրբեջանի» ակտիվիստները փորձում են իբրև «ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ» տարածել «Western Azerbaijan Community»-ի «Concept of Return» (Վերադարձի հայեցակարգ) հռչակագիրը, որտեղ ամրագրվում է ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք «անվտանգ ու արժանապատիվ վերադարձի» համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Խոսքը գույքի ու համայնքային հողերի իրավունքի, մշակութային ինքնավարության երաշխիքների մասին է: Նմանատիպ «շրջանակային» հռչակագրերն Ադրբեջանը հետևողականորեն փորձում է օրինականացնել միջազգային այլ կառույցների միջոցով: Արդյունքում, Բաքուն կկարողանա իր ցանկացած ագրեսիվ դեմարշ փաթեթավորել «խտրականության դեմ պայքարի» միջազգայնորեն ճանաչված ձևաչափով:
Ժամանակն է «Ո՛Չ» ասելու Հայաստան ներխուժման ծրագրերի, այդ թվում՝ գաղափարական, մշակութային ու, ի վերջո, ֆիզիկական, օրինականացմանը:
Քայլ երրորդ. «Պլացդարմներ էքսպանսիայի համար»
Արևմտյան Ադրբեջանի» էքսպանսիոնիստական հայեցակարգի գործնական իրականացման համար երրորդ քայլն անմիջապես հայկական հողի վրա «պլացդարմների» ու իրականում գոյություն ունեցող «միջանցքների» ստեղծումն է: Դասական օրինակ կարող է համարվել Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որն այսօր վերափաթեթավորվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ձևաչափով:
Հայաստանին պատմում են «խաղաղության, բարօրության ու համագործակցության» մասին, բայց գործնականում ուղիղ կապ է ստեղծվելու Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, ձևավորվելու է մի հանգույց, որն արագորեն կընդլայնի նրանց տնտեսական, այնուհետև՝ նաև քաղաքական ու ժողովրդագրական ազդեցությունը Հայաստանի բոլոր հարակից տարածքների վրա: Այս նախագծի նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը նույնիսկ նախնական փուլում սահմանափակված է ընդամենը 26 տոկոսով: Հետագայում՝ ներդրումների իրական ծավալներին համամասնորեն բաժնեմասերի վերաբաշխման պատրվակով, այն հնարավոր կլինի վերջնականապես չեզոքացնել: Այդ ամենից Հայաստանի համար որևէ հուսալի պաշտպանություն նախատեսված չէ:
Ժամանակն է «Ո՛Չ» ասելու օտար, խորթ ու պոտենցիալ վտանգավոր տնտեսաքաղաքական ուղեծրին Հայաստանը քայլ առ քայլ ինտեգրելու փորձերին:
Քայլ չորրորդ. «Ինքնիշխանության քայքայում»
Չորրորդ քայլը Հայաստանի «ենթակա» ու «երկրորդային» կարգավիճակի ինստիտուցիոնալ ձևակերպումն է համաձայնագրերի, միջազգային առաքելությունների ու «համատեղ մեխանիզմների» ցանցի միջոցով: Western Azerbaijan Community-ի փաստաթղթերն ուղղակիորեն խոսում են Հայաստանի հետ վերիֆիկացիայի և երաշխիքների մեխանիզմներով «իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագրի» անհրաժեշտության, Հայաստանի տարածքում մշտական առաքելությունների և մոնիթորինգային կառույցների ստեղծման մասին:
Հետագայում հայկական օրենսդրության, հողային ու հասարակական հարաբերությունների, տնտեսության, անվտանգության կամ ենթակառուցվածքների ոլորտում ցանկացած փոփոխություն պետք է հաշվի առնի «վերադարձող ադրբեջանական համայնքների» ու նրանց միջազգային համակարգողների շահերը: Հայաստանը վերջնականապես կհանձնվի արտաքին թշնամական կառավարմանն ու կզրկվի լիարժեք ինքնիշխանությունից:
Ժամանակն է «Ո՛Չ» ասելու «միջազգային աջակցության» պատրվակով Հայաստանի ինքնիշխանության դանդաղ լուծարմանը:
Քայլ հինգերորդ. «Հայաստանի չեղարկում»
Արևմտյան Ադրբեջանի ռազմավարության իրականացման վերջնական քայլը «Հայաստանի»՝ որպես ինքնիշխան պետության, լիակատար չեղարկումն է աշխարհի քարտեզների վրա: Արդեն այսօր փաստաթղթերում ու մեդիա-նարատիվներում մեր երկրի ողջ տարածքի նկատմամբ օգտագործվում է «Western Azerbaijan» եզրույթը:
Հենց նման խոսույթն «օրինականացվի» ու «արմատավորվի» միջազգային բյուրոկրատիայում, մեդիայում ու փորձագիտական շրջանակներում, Հայաստանը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, նրանց համար կդադարի գոյություն ունենալ: Մեդիա և պաշտոնական հռետորաբանության մեջ սուբյեկտայնության կորստին անխուսափելիորեն կհաջորդի նաև պետության փաստացի «ջնջումը» քաղաքական քարտեզներից: Հայաստանը կվերանվանվի «Արևմտյան Ադրբեջանի», որտեղ հայկական ներկայությունը կլինի ընդամենը բաղադրիչներից մեկը, այլ ոչ թե պետականության հիմքը:
Ժամանակն է «Ո՛Չ» ասելու «Արևմտյան Ադրբեջանին»:
Իրանական «ժողովրդագրական ռեզերվը»
Մինչ Հայաստանը քննարկում է «խաղաղության պայմանագիրն» ու «բաց սահմանները», Բաքուն փնտրում է միջազգային հանրությանը հայտարարած «միլիոնավոր բաժանված ադրբեջանցիներին»։ Այս տրամաբանության մեջ գլխավոր ռազմավարական ռեսուրսը ոչ միայն սեփական բնակչությունն է, այլև Իրանի միլիոնավոր ադրբեջանցիները։
Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում ապրում են միլիոնավոր թյուրքախոս շիաներ, որոնց ադրբեջանական պատմագրությունը հայրենակիցների շարքին է դասում։ Ադրբեջանական ու թուրքական ազգայնական դիսկուրսը 30 միլիոն ադրբեջանցիների մասին է խոսում՝ նրանց Իրանի «ճնշված մեծամասնություն» հայտարարելով։ Այս թիվն առնվազն կրկնակի գերազանցում է միջազգային գնահատականները։ Բաքվի համար կարևոր են ոչ թե ճշգրիտ թվերն, այլ քաղաքական խորհրդանիշը՝ «քառասուն միլիոնանոց ադրբեջանական ժողովուրդը», որն արհեստականորեն բաժանված է սահմաններով (այդ թվում՝ Հայաստանի հետ սահմաններով)։
Այս «միլիոնները» չափազանց կարևոր են «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հայեցակարգի սպասարկման համար։ Արցախի փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է այս տրամաբանությունը գործնականում աշխատել։ Տարածաշրջանի ռազմական զավթումից հետո Բաքուն հայտարարում է տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց այնտեղ բնակեցնելու նպատակների մասին՝ օգտագործելով պետական ծրագրերը, արտոնություններն ու ենթակառուցվածքային նախագծերը։ Նույն մոդելը տեսականորեն կարող է տեղափոխվել Հայաստան. նախ՝ «վերադարձի» իրավունքի իրավական ամրագրում, ապա՝ ներկայության օջախների ստեղծում, իսկ հետո՝ «ադրբեջանական բնակչության շահերի» քաղաքական արտիկուլացում։
Իրանյան ադրբեջանցիները նաև Թեհրանի վրա ճնշում գործադրելու տարր են դառնում. որքան ակտիվ են Ադրբեջանն ու Թուրքիան հղում անում «Հարավային Ադրբեջանին», այնքան ավելի զգույշ պետք է Իրանն իրեն դրսևորի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, որպեսզի չբորբոքի սեփական ազգային հարցը:
Հարձակման զենքը
«Արևմտյան Ադրբեջանի» մասին պաշտոնական Բաքվի առասպելների միջազգային օրինականացման առանցքային գործիքը դարձավ Western Azerbaijan Community (Արևմտյան Ադրբեջանի համայնք, WAC) լոբբիստական կազմակերպությունը։ Այն ինտենսիվորեն աշխատում է միջազգային կառույցների հետ, տարածում է «վերադարձի իրավունքի» ու «պատմական արդարության» իրավաբանական լեզուն, միակողմանի էմոցիոնալ փորձը տեղափոխում աշխարհաքաղաքական հավակնությունների ու կոնկրետ բանաձևերի հարթություն։
2023 թվականից հետո WAC կազմակերպությունը նպատակաուղղված արշավ սկսեց ՄԱԿ-ի համակարգում ու հարակից միջազգային ինստիտուտներում։ 2023 թվականի հունվարին «ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքի» մասին նրա դիմումը պաշտոնապես տարածվեց որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության Խորհրդի փաստաթուղթ, ինչը թույլ տվեց «Western Azerbaijan Community» եզրույթն ամրապնդել ֆորմալ դիվանագիտական շրջանառության մեջ։
Զուգահեռաբար, WAC-ը նամակներ է հղում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ կառույցներին՝ Հայաստանին մեղադրելով «ադրբեջանական մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացման» մեջ ու պահանջելով առաքելություն ուղարկել այդ օբյեկտների մոնիթորինգի և «վերականգնման» համար՝ դրանով իսկ վերակոդավորելով հայկական հուշարձանները որպես ադրբեջանական, ու խորհրդանշական բազա նախապատրաստելով ապագա տարածքային հավակնությունների համար։
Այս դիվանագիտական հարձակվողական արշավում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց 2023 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված դիմումը, որտեղ WAC-ը խնդրում էր Հայաստան ուղարկել հատուկ միջգործակալական առաքելություն, որը կվերահսկեր ու կհամակարգեր «Արևմտյան Ադրբեջանի» վերածննդի գործընթացը։