Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

Այս խառը իրավիճակում, երբ Ալիևն ամրացնում է իր սահմանները՝ մեր երկրից օկուպացրած տարածքի հաշվին, Հայաստանի պաշտպանության նախարարը, որ պետք է զորամասերից տուն չգնար, արտգործնախարարը, վարչապետ աշխատողը զբաղված են սուջուխ-շոուով, մարզերում ժողովրդի վրա մունաթ գալով։

Չտեսանք Հայաստանի իշխանությունը քայլ աներ Իրանում բնակվող շուրջ 100 հազարանոց հայ համայնքին օգնելու, բայց լսում ենք խոստումներ ադրբեջանցիներին օգնության վազելու, Նախիջևանի հետ կապի այսպես ասած՝ «հումանիտար միջանցք» տալու մասին։ Էն Ադրբեջանի համար, որը շրջափակել էր Արցախը ամբողջությամբ և սովի ենթարկել։

Իսկ տեսնես ի՞նչ են տանել-բերելու էդ միջանցքով, սպառազինությո՞ւն․ իսկ կարող է՞ դրանով տեղափոխելու են Հայաստանի բնակության բերվելիք ադրբեջանցիներին։ Կարող է՞ դա հենց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հիմար ու վտանգավոր թեզի միջանցքն է։

Սարսափելին այն է, որ այս իշխանությունից ամեն ինչ է սպասելի։

ՄԱՅՔԼ ՀԵՆՔՈԿ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ։

Բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի։ IBAC-ի հետաքննության արդյունքներով (2018) նրա մուտքը Եվրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ շենքեր արգելվել է։ Սակայն պատժամիջոցների պահին Հենքոկն այլևս գործող պատգամավոր չէր. նա լքել էր Համայնքների պալատը 2015 թվականին՝ ընտրողի հետ կապված սեռական սկանդալի պատճառով։

ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏ, ԻՍՊԱՆԻԱ։ ԵԽԽՎ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ։

IBAC-ի հետաքննությունը (2018) պարզել է, որ Ագրամունտը ստացել է առնվազն 200 հազար եվրո գումար, Ադրբեջանից ընդունել է թանկարժեք նվերներ ու մարմնավաճառների ծառայություններ (!), ԵԽԽՎ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովին։ Հրաժարական է տվել 2017 թվականին։ Պեդրո Ագրամունտը մահացել է 2024 թվականի նոյեմբերի 25-ին Վալենսիայում՝ 73 տարեկան հասակում։ Այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

ՔՐԻՍՏԻՆԱ ՕՅՈՒԼԱՆԴ, ԷՍՏՈՆԻԱ։ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ։

Համակարգված կերպով աջակցել է ադրբեջանական դիրքորոշումներին ԵԽԽՎ-ում, վիճարկել է քննադատական զեկույցները։ Օյուլանդը քրեական հետապնդման չի ենթարկվել ո՛չ Էստոնիայում, ո՛չ եվրոպական մակարդակով։ Սակայն նրա քաղաքական կարիերան փաստացի ավարտվել էր դեռևս մինչև IBAC-ի զեկույցի հրապարակումը։

ԿԱՐԻՆ ՇՏՐԵՆՑ, ԳԵՐՄԱՆԻԱ։ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՈՒ ԵԽԽՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ։

Մահացել է 2021 թվականին՝ Կուբայից Գերմանիա թռիչքի ժամանակ։ Գերմանական դատարանը հաստատել է, որ նա կաշառքներ է ընդունել Լինտներից ու ադրբեջանցի պաշտոնյաներից։ Գերմանիայի դատախազությունը սեփական ստուգումն էր անցկացնում, որոշում էր կայացվել Շտրենցին տուգանել 20 հազար եվրոյով։

ԱՔՍԵԼ ՖԻՇԵՐ, ԳԵՐՄԱՆԻԱ։ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿ (2010–2018)։

Մյունխենի բարձրագույն երկրամասային դատարանի կողմից դատապարտվել է միայն 2026 թվականի հունվարին. մինչ այդ նա ամեն կերպ ձգձգում էր գործընթացն ու անգամ անմեղսունակություն էր ձևացնում։ ԵԽԽՎ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել ադրբեջանական կողմին, քվեարկել է ի շահ Բաքվի, ստացել է առնվազն 900 հազար դոլար։ Դատարանի դատավճիռն է՝ մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկում՝ պետական պաշտոններ զբաղեցնելու ու ընտրություններում թեկնածություն առաջադրելու արգելքով։

ԷԴՈՒԱՐԴ ԼԻՆՏՆԵՐ, ԳԵՐՄԱՆԻԱ: ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (ՔՍՄ), ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿ։

Մյունխենի դատարանի կողմից դատապարտվել է 9 ամսվա պայմանական ազատազրկման՝ Բաքվի անունից այլ քաղաքական գործիչների կաշառք փոխանցելու համար. իր ծառայությունների դիմաց անձամբ ստացել է առնվազն 1,1 միլիոն դոլար (այս գումարը հաջողվել է ապացուցել)։

ԼՈՒԿԱ ՎՈԼՈՆՏԵ, ԻՏԱԼԻԱ: ԵԽԽՎ-ՈՒՄ ԵԺԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐ։

2021 թվականին իտալական առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների մասին զեկույցը տապալելու նպատակով Ադրբեջանից 2,39 միլիոն եվրո ստանալու համար։ Միլանի վերաքննիչ դատարանի երկրորդ պալատը ըստ էության չարդարացրեց Վոլոնտեին, սակայն գործը կարճվեց վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ «Corriere della Sera» թերթը սա անվանեց Իտալիայում միջազգային կոռուպցիայի համար հազվագյուտ մեղադրական դատավճիռներից մեկի «գոլորշիացում»։ Transparency International-ը մատնանշեց Վոլոնտեի գործը՝ որպես Իսպանիայում ու Իտալիայում Ադրբեջանի «հեղինակության լվացման» հետ կապված գործերով համակարգային անպատժելիության օրինակ։

ԳՈՒՐԱՄ ՄԱՐԽՈՒԼԻԱ, ՎՐԱՍՏԱՆ։ ՍՈՒԽՈՒՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳԻՐ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻևԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ Է «ԹԱՐԱԳԻ» ՄԵԴԱԼՈՎ:

Ապահովում է Արևմտյան Ադրբեջանի նարատիվի զարգացումն Աբխազիայի հետ զուգահեռների միջոցով: