Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ: Երբ ընթերցում ենք «Եվրամիությունը Հայաստան է գործուղում արագ արձագանքման խումբ» վերնագիրը, կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր եվրոպացի հարգարժան գործընկերներն ի վերջո արձագանքել են արևմտյան մամուլի հրապարակումներին։ Թվում է, թե նրանք ժամանում են կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող այն ծրագիրը, որը վերջիններս անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։
Սակայն իրականությունն այլ է. նրանք ժամանում են բոլորովին այլ նպատակով։ Մեր իշխանությունները փորձում են արտաքին «աջակցություն» ներգրավել սեփական ընտրողների դեմ՝ հետագայում ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար։ Այդ խումբը գալիս է իբրև թե «հիբրիդային հարձակումների» դեմ պայքարելու կամ հայկական ընտրական գործընթացներում երրորդ կողմի ներգրավվածությունը բացառելու առաքելությամբ։
Փորձենք հասկանալ տրամաբանությունը. Եվրամիությունը՝ որպես երրորդ կողմ, ժամանում է Հայաստան՝ ինչ-որ առասպելական այլ երրորդ կողմի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Արդյո՞ք ավելի հավանական չէ, որ մենք սեփական կամքով Եվրամիությանը վերածում ենք ներհայաստանյան գործընթացների վրա ազդող գործոնի։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում կտրուկ աճել է էներգակիրների ու նավթի գինը։ Այս պայմաններում հարց է առաջանում. Եվրամիությանն այսօր ավելի շատ անհրաժեշտ է ադրբեջանական նա՞վթը, թե՞ հայկական ժողովրդավարությունը։
Բացի արագ արձագանքման խմբից, շուտով Հայաստան կայցելի նաև Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Վերջինս նշում էր, որ եվրոպացիները պատրաստ են ֆինանսավորել Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միավորումը։ Այստեղ ևս ծագում է նույն տրամաբանական հարցը՝ ի՞նչն է եվրոպացիների համար առաջնային՝ իրական ժողովրդավարությո՞ւնը, թե՞ սեփական էներգետիկ շահերը։
Եթե նրանք իրապես շահագրգռված լինեին մեր ժողովրդավարության պաշտպանությամբ, ապա նախևառաջ քայլեր կձեռնարկեին հայկական պետականության պահպանման համար և պատժամիջոցներ կկիրառեին Ադրբեջանի դեմ, որն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը։ Սակայն նրանք գալիս են լոկ վերահսկողի կարգավիճակով՝ հետևելու մեր ընտրական գործընթացներին։
Պարտությունների հեղինակի շանտաժը. կա՛մ ես կմնամ, կա՛մ Ալիևը կհարձակվի․ «Կարճ ասած»
Ասում է՝ եթե Քոչարյանը գա կլինի պատերազմ։ Քոչարյանի կենսագրությունը՝ մինչ նախագահ լինելը պատերազմ հաղթելու, իսկ նախագահ լինելով՝ հաղթանակը պահելու, պատերազմը կանխելու կենսագրություն է։
Ասում է՝ ընդդիմության հռետորաբանությունը բերելու է պատերաազմի, պատերազմի կոչեր են անում։ Էսօր էլ պաշտպանության նախարարն էր դա ասում։ Հարց են տալիս ընդդիմության էդ ո՞ր հայտարարությունն է ռազմատենչ, ո՞ր հայտարարությունն է բերելու պատերազմի, լեզուն քարկապ է ընկնում։ Պատասխանատու պաշտոն զբաղեցնողները շատ անպատասխանատու, սուտ թեզեր են տանում։ Վերցրեք որևէ ընդդիմադիր դերակատարի ելույթ, ասեք՝ սա բերելու է պատերազմի։
Նիկոլի խոսքերը՝ «եթե չանենք, կլինի պատերազմ», հենց պատերազմ բերելու խոսույթ է, բայց ասեք ընդդիմադիրների մի խոսք, որը պատերազմի սպառնալիք է։ Ավելին, ընդդիմության դերակատարները ու առաջին հերթին հենց նա, ումով վախեցնում են, Ռոբերտ Քոչարյանը, ասում է՝ ես բերելու եմ երաշխավորված խաղաղություն։ Այսինքն՝ ոչ միայն պահպանելու եմ խաղաղությունը, այլ անելու եմ այնպես, որ երբեք չխախտվի։
Ի տարբերություն Նիկոլի, որ ասում է՝ ես չլինեմ վարչապետ՝ կլինի պատերազմ, Քոչարյանն ասում է՝ ես խաղաղությունը դարձնելու եմ այնպիսին, որ ով էլ լինի վարչապետ, Ադրբեջանում էլ նախագահ, խաղաղությունը պահպանվի։ Ասում է՝ կվերականգնեմ բանակի մարտունակությունը, որը երաշխիք կլնի իր հերթին, որ պատերազմ չի լինի․ բանակը էսօրվա նման չի լինելու, էսօրվա Նիկոլի ու Պապիկյանի անվտանգությունը ոնցոր «Նուֆ-նուֆի» տնակը լինի։ Քոչարյանն ասում է՝ հզոր դաշնակից կունենանք, որը ևս մեկ երաշխիք կլինի խաղաղության։ Ասում է՝ ես կապահովեմ բացարձակ հուսալի ու անվտանգ երկիր։ Դուք ո՞րտեղ եք տեսնում պատերազմի վտանգ։
Նիկոլ Փաշինյանի խոսքից, թե՝ եթե ես չընտրվեմ, կլինի պատերազմ, արդեն տպավորություն է, որ էս հարցով հստակ պայմանավորվածություն ունի Ալիևի հետ։ Ադրբեջանը սատարում է Փաշինյանին, ու եթե չընտրվի, կարող է պայմանավորվեն, որ լինի հարձակում։ Պատերազմին ես հավատում եմ միայն այս դեպքում։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավն անում է Ալիևի հետ միասին․ նրա գլխավոր ասելիքն է՝ ես չընտրվեմ՝ Ալիևը կհարձակվի։ Եվ ուրեմն, կարծում եմ, պետք է ժողովուրդը հստակ ՈՉ ասի՝ Փաշինյան-Ալիև այս պայմանավորվածություններին։
Իրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել
Այս տարածքով ոնց նայում ես՝ թուրքն է։ Սարի հետևը թուրքն է նստած։ Էն հատվածը, որ Սև լիճ են ասում, էդտեղ է։ Էս վերջերս էլ դեպքեր եղան, հրաձգություններ եղան, էնտեղից խփում էին դեպի Վերիշեն գյուղ, որը Գորիսին կպած է։
Euromedia24-ի եթերում, ցույց տալով մոտակա սարերը, հայտարարել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Ահարոնը՝ արձանագրելով՝ Սյունիքի ստրատեգիական բարձունքները հանձնվել են թուրքին․
«Եթե գնաք Կապան, Կապանի օդանավակայանի մյուս կողմում էլի թուրքն է։ Ընդամենը մի 100 մետր է հեռավորությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մի փոքր ֆորսմաժոր լինի, կարող են գալ, ճանապարհը փակել»,-մտահոգություն է հայտնում Տեր Ահարոնը՝ պատմելով՝ տարիներ առաջ դեպք է եղել՝ գիշերով մարդիկ իջել են ճանապարհ, մեքենայի վրա կրակել են։
Տեր Ահարոնը նաև բարձրաձայնում է այլազգիների ներթափանցման պայմաններում հնարավոր դեմոգրաֆիական խնդիրների մասին, որոնք հատկապես Սյունիքում ավելի սուր են․
«Ասում են՝ 20 միլիոն ադրբեջանցի կա, պատկերացնո՞ւմ եք՝ դրանցից թեկուզ մի մասը գա հասնի ստեղ, դեմոգրաֆիան կարող է փոխվել։
Մարդիկ նաև ասում են՝ տարբեր ազգերի մարդկանց են բերում՝ հնդիկներ, արաբներ։ Կասկածներ ունեն, որ դա կարող է ազդեցություն ունենալ երկրի դեմոգրաֆիայի վրա։
Կա նաև մտահոգություն, որ օդանավակայանում հեշտ վիզա ստանալու պայմաններում հնարավոր է՝ երկիր մտնեն մարդիկ, որոնց մասին ոչինչ հայտնի չէ։ Ասում են՝ կարող են լինել նաև հանցագործներ։
Այսինքն՝ վտանգ չկա՞։ Իհարկե կա։ Մենք էլ ենք մտահոգ, մնում է՝ Աստծուն ապավինենք»,-ասում է Տեր Ահարոնը։
«Մեր առջևում Իշխանասարն է, պարզ երևում է, Թուրքերն էնտեղ դիրքավորվել են։ Ժողովուրդը քնում, արթնանում է՝ չգիտի՝ վաղը ի՞նչ կլինի։ Ալիևը ոչ Հայաստանի պատմություն գիտի, ոչ էլ Ադրբեջանի, իրա ապուպապերը հայկական հողից են սնվել, նույն քոչվոր թուրքերն են, որ եկել են մեր սարերում հաստատվել են, անասուն են պահել, հիմա ասում ենթե այստեղ են ապրել»։
Ահա այսպիսի անհանգստություններով է ամեն օր քնում ու արթնանում սահմանամերձ դարձած Սյունիքի բնակիչը։ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը երկօրյա այցով Սյունիքում էր՝ լսելու քաղաքացիների անհանգստությունն ու մտահոգությունները։
Սոցիալական խնդիրների կողքին՝ սյունեցիները անհանգստացած էին անվտանգային հարցերով, ցույց էին տալիս իրենց սարերը և ասում՝ ահա, այստեղ պատերազմից հետո հաստատվել ու ամրացել են ադրբեջանցիները։
Քաղաքացիներին հատակես անհանգստացնում էր այն, որ պայմանավորված՝ Իրանում տիրող պայթյունավտանգ իրավիճակով, կարող է օտարազգիների անվերահսկելի հոսք սկսել դեպի Սյունիք, այդ թվում՝ ադրբեջանցիներ և թուրքեր․ «Գյուղի ներքևում՝ Որոտանի հատվածում էլ թուրքեր ու ադրբեջանցիներ են եկել, նրանք գիշերը թե սարով կմտնեն, թե այլ ճանապարհով, չենք կարող ասել։ Հեռուստատեսությամբ տեսնում ենք, եկել հասել են՝ Ամասիա, Գյումրի, անգամ Երևանում են շրջում, ազատ խոսում, դե թող Փաշինյանն էլ գնա Բաքու, Սումգայիթ, ազատ խոսի, կարող է՞։ Փաշինյանն ուզում է մեր ժողովրդին վախի մթնոլորտում պահի, բայց ո՞վ է ինքը, մեր ժողովուրդը կոտրվող չէ» ,-ասում է քաղաքացին։
Սյունեցի կինն էլ մտահոգություն է հայտնում, որ անվտանգային խնդրի պատճառով այսօր շատ հաճախ գյուղացիները վախենում են կենդանիներին տանել արոտավայր, քանի որ սահմանն արդեն այնքան մոտ է, որ կենդանիները փախչում են ու մտնում Ադրբեջանի տարածք․ «Անասուններին պետք է տանել արոտավայր, բայց այսօր դրա հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արոտավայրերի հասանելիությունը սահմանափակ է, և մարդիկ հաճախ դժվարանում են ապահովել անասունների խնամքը։ Այնուամենայնիվ, ներկայումս ընդհանուր լարվածություն կամ խուճապ չկա․ եթե նախկինում նման անհանգստություններ եղել են, հիմա դրանք զգալիորեն նվազել են։
Արտահոսքի կամ օտարերկրացիների ներկայության հետ կապված լուրջ խնդիրներ առայժմ չեն նկատվել։ Չնայած պատերազմից հետո շրջանառվում են խոսակցություններ, թե հնարավոր է տարածքում լինեն ադրբեջանցիներ կամ թուրքական ծագմամբ անձինք, բնակիչները նշում են, որ նման դեպքերի ակնհայտ դրսևորումներ չեն տեսել»,-ասում է բնակիչը։
Սյունիք այցի ընթացքում Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը հանդիպել է նաև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Ահարոնի հետ՝ լսելու սյունեցիների անհանգստություններն ու լսելու հոգևորականի պատկերացումները՝ այս խնդիրների լուծման հետ կապված։
Արդեն Գորիսի հայտնի Զանգեր կոչվող հատվածում, որի դիմացի հատվածում ադրբեջանական ապօրինի ներխուժումից հետո հաստատված զինվորականներն են, Սուրենյանցը ներկայացրեց սյունեցիների փոխանցած մտահոգությունները։ Նրա խոսքով՝ գարնանային աշխատանքների մեկնարկին ընդառաջ պարզ է դառնում, որ շատ մարդիկ կրկին չեն կարողանալու զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Սահմանամերձ գյուղերում լուրջ մտահոգություն կա նաև դպրոցների փակման վտանգի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ այլևս չկարողանան կապվել իրենց հողի ու տան հետ և ստիպված լինեն լքել բնակավայրերը, լավագույն դեպքում նրանք կտեղափոխվեն Գորիս կամ Երևան, իսկ գուցե նաև արտերկիր։
«Մարդկանց համար այսպես կոչված «խաղաղությունը», որի մասին խոսվում է իշխանությունների կողմից, ավելի շատ անորոշություն է ստեղծում, քան կայունություն։ Գրեթե բոլոր զրուցակիցները ցույց են տալիս շրջակա սարերը և նշում, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական զորքերը։ Նույնիսկ այն պահին, երբ մենք զրուցում ենք, գտնվում ենք դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող պատմական վայրում, որը տարիներ առաջ մարդաշատ էր, իսկ հիմա՝ զգալիորեն դատարկված ու պասիվ։
Սոցիալական խնդիրների մի ամբողջ փաթեթ կա։ Խոսվող բարեփոխումները՝ առողջապահական և այլ ոլորտներում, ըստ մարդկանց, չեն հասել Գորիս կամ չեն իրականացվել այնպես, ինչպես ներկայացվում է։ Բացի այդ, քաղաքացիների շրջանում առկա է վախ՝ իրենց տեսակետը հրապարակային արտահայտելու հարցում։ Նրանք մտահոգվում են հնարավոր ճնշումներից՝ նշելով, որ եթե անգամ ավելի պաշտպանված խավերի ներկայացուցիչներ են ենթարկվում հետապնդման, ապա սովորական քաղաքացին առավել ևս կարող է վախենալ»,-ասում է Սուրենյանցը ։
Նրա փոխանցմամբ՝ մյուս կարևոր անհանգստությունը կապված է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի հետ։ Մարդիկ մտահոգված են ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեմայով, հատկապես այն պայմաններում, երբ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր և միջազգային հստակ երաշխիքներ։ Այս ամենը խորացնում է անվստահությունն ու թերահավատությունը՝ խաղաղության կայունության նկատմամբ
«Լարված իրավիճակ կա նաև Իրանի շուրջ զարգացումների պատճառով։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ հնարավոր փախստականների հոսքը կարող է ստեղծել լրացուցիչ ռիսկեր, և այդ իրավիճակից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ նույնիսկ էթնիկ առումով վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով։
Չնայած հույս ունեմ, որ թե’ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թե’ ՀՀ անվտանգության ծառայությունն ուշիուշով վերահսկում են իրավիճակը, բայց միեւնույնն է՝ մարդկանց մոտ ընդհանուր առմամբ բացակայում է ապահովության և բարեկեցության զգացումը, ինչի մասին հաճախ խոսվում է պաշտոնական մակարդակով» ,-ամփոփեց զրուցակիցը։ Մասնավոր զրույցներում սյունեցիները նաև մտահոգություն էին հայտնում նաև ԿԳՄՍ նախարարության որոշման հետ կապված, ըստ որի, օպտիմալացման անվան տակ Սյունիքում 50 դպրոց են նախատեսում փակել։
Ըստ սյունեցիների՝ սա կարող է հանգեցնել սահմանամերձ բնակավայրերի դատարկմանը, ինչն ավելի կթուլացնի անվտանգային համակարգը։
«Այս շաբաթ եվրահանձնակատար Մարտա Կոսը կայցելի Երևան: Հանձնակատարը ժամանում է ոչ միայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ճակատագիրը քննարկելու, այլև գնահատելու, թե որքանով է Երևանը պատրաստ ինտեգրվել Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում և Բաքվում նախագծվող միջանցքներին, այդ թվում՝ հայտնի «Թրամփի երթուղուն»»,-այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ֆորմալ առումով Հայաստանը դեռևս թեկնածու չէ, այլ Արևելյան գործընկերության մշտական գործընկեր: 2025 թվականին խորհրդարանն ընդունեց օրենք, որը հռչակում էր անդամակցության ուղին, իսկ 2026 թվականից ի վեր Արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտորեն խոսել է ինտեգրման ջանքերը մեծացնելու իր մտադրության մասին, սակայն դա հաստատող քիչ առարկայական կամ շոշափելի ապացույցներ կան:
Եթե մենք սթափ և ողջամիտ գնահատենք «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհի երկարությունը», քանի՞ տարի կպահանջվի, և ի՞նչ ջանքեր կպահանջվեն: Առանց պատրանքների՝ կասեմ, որ ներկայիս պայմաններում իրական անդամակցության ճանապարհը առնվազն 15-20 տարի է, և դա ենթադրում է շարունակական ներքին բարեփոխումներ, կայուն, եվրոպամետ կառավարություն, բարենպաստ արտաքին հանգամանքներ և ԵՄ-ի սեփական պատրաստակամությունը ընդլայնման համար: Նույնիսկ Բալթյան երկրները, որոնք այս ուղին ընտրել են այլ պատմական դարաշրջանում՝ տարբեր ռիսկերով և զգալիորեն ավելի կարճ ժամանակահատվածով, դրա վրա ծախսել են 10-12 տարի: Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում «իդեալական սցենարը» գործնականում անհասանելի է։
Սա կպահանջի դատական համակարգի, պետական կառավարման, մարդու իրավունքների, այդ թվում՝ բոլոր սեռերի և ազգությունների իրավունքների խորը բարեփոխումներ, եվրոպական ուղու շուրջ ամուր ներքին քաղաքական կոնսենսուս, անվտանգության բացթողումների վերացում և նվազագույն չափանիշներին համապատասխանող տնտեսական և դրամավարկային համակարգեր: Հաջորդը, անհրաժեշտ կլինի ստանալ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ, բացել բանակցային գլուխներ և համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին, և սա ենթադրում է կանոնների և կարգավորումների տասնյակ հազարավոր էջեր, ինչը փոքր երկրի համար հսկայական բյուրոկրատական և կադրային բեռ է։
Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ «Թրամփի ճանապարհի» շուրջ մշակվում է բոլորովին այլ տրամաբանություն ոչ միայն Վաշինգտոնում և Բաքվում, այլև Թեհրանում: Հարկ է հիշել, որ Իրանը հետևողականորեն և վճռականորեն դեմ է արտահայտվել TRIPP-ին՝ այն համարելով իր սեփական տարանցիկ շահերի սպառնալիք և Իրանին Հարավային Կովկասի հետ կապից կտրելու փորձ: Երբ մեզ ասում են, որ այս միջանցքը, ենթադրաբար, Հայաստանի համար հնարավորություն է դառնալու «կամուրջ լինել» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև, Թեհրանը դա դիտարկում է՝ որպես քայլ դեպի Իրանի տարածքը շրջանցող այլընտրանքային ուղիներ ստեղծելու ուղղությամբ, ինչը Սյունիքը ավտոմատ կերպով վերածում է երրորդ կողմի խաղացողների միջև հակասական շահերի դաշտի, այլ ոչ թե երաշխավորված անվտանգության տարածքի:
Ես ուշի ուշով հետևում եմ՝ ինչ են գրում արևմտյան վերլուծական կենտրոնները: Եվ պետք է ասեմ. այնտեղ հայտնված տեղեկատվությունը վաղուց պետք է վերցներ նույնիսկ ամենաանմիտ սովորական մարդկանց աչքերի շղարշը: Բայց մեր իշխանությունները շարունակում են հեքիաթներ հյուսել Եվրոպային ինտեգրվելու մասին, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:
Վերցնենք «Ատլանտյան խորհուրդը»: 2026 թվականի հունվարի 20-ին «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնը հրապարակեց մի հոդված, որի վերնագիրն ինքնին խոսուն է. «Ինչպես կարող է Թրամփի հաղթանակը TRIPP նախագծով առաջ մղել ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում»։ Այստեղ ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին։ Հեղինակները այն ուղղակիորեն անվանում են «ամերիկյան զսպող գործոն», որը պետք է երաշխավորի կայունությունը։ Հարցն այն է, թե ում շահերին կծառայի այս զսպող գործոնը։ Ադրբեջանի ախորժակի՞ն։ Կամ, ընդհակառակը, որևէ հայկական դիմակայությա՞ն։
Արևմտյան փորձագետները այլևս նույնիսկ խոսքեր չեն խնայում։ 2023 թվականի նոյեմբերին «Եվրասիա» կենտրոնի ներկայացուցիչ Բրիաննա Թոդը հայտարարեց. «Հայաստանը «Թուրքական պետությունների կազմակերպության» բացակայող մասնիկն» է»։ Լսեք ձևակերպումները։ Նրանց համար մենք երեք հազար տարվա պատմություն ունեցող ինքնիշխան երկիր չենք, եզակի քրիստոնեական մշակույթի կրող չենք, այլ խորհրդավոր փազլի բացակայող մի կտորը, որը պետք է տեղադրվի ուրիշի խճանկարում պատկերն ամբողջացնելու համար։
Այս ֆոնին հատկապես ցինիկ են հնչում այն հավաստիացումները, որ այս ամենը, ենթադրաբար, ծառայում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը»,-գրում է Սուրենյանցը։
Եվրոպացիների այցերը Հայաստան կտրուկ ակտիվացել են։ ԵՄ-ն սկսել է Հայաստանին այլ կերպ նայել, բայց, ցավոք, ոչ՝ հայկական շահերի տեսանկյունից։ ԵՄ-ի համար Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է՝ ադրբեջանական գազ ստանալու համար։ Այդ պատճառով եվրոպացիները կաջակցեն Բաքվին ամեն ինչում, այդ թվում՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու հարցում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը, որ պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի «գիծն» առաջ տանել, պարզվում է՝ Փաշինյանի աշխատակազմում օգնական աշխատելու ընթացքում մասնակցել է ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցություններին՝ 2018-2019 թթ․։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1․5 տարի անց՝ 2021 թ. դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։ Նա գրագրության մեջ է եղել մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ։ Ասում են՝ նույն պատրաստակամությամբ ծառայել է նաեւ նախկիններին․ մինչ Փաշինյանի օգնական նշանակվելը, պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում՝ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը ՀՀ արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի»:
Այս խառը իրավիճակում, երբ Ալիևն ամրացնում է իր սահմանները՝ մեր երկրից օկուպացրած տարածքի հաշվին, Հայաստանի պաշտպանության նախարարը, որ պետք է զորամասերից տուն չգնար, արտգործնախարարը, վարչապետ աշխատողը զբաղված են սուջուխ-շոուով, մարզերում ժողովրդի վրա մունաթ գալով։
Չտեսանք Հայաստանի իշխանությունը քայլ աներ Իրանում բնակվող շուրջ 100 հազարանոց հայ համայնքին օգնելու, բայց լսում ենք խոստումներ ադրբեջանցիներին օգնության վազելու, Նախիջևանի հետ կապի այսպես ասած՝ «հումանիտար միջանցք» տալու մասին։ Էն Ադրբեջանի համար, որը շրջափակել էր Արցախը ամբողջությամբ և սովի ենթարկել։
Իսկ տեսնես ի՞նչ են տանել-բերելու էդ միջանցքով, սպառազինությո՞ւն․ իսկ կարող է՞ դրանով տեղափոխելու են Հայաստանի բնակության բերվելիք ադրբեջանցիներին։ Կարող է՞ դա հենց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հիմար ու վտանգավոր թեզի միջանցքն է։
Սարսափելին այն է, որ այս իշխանությունից ամեն ինչ է սպասելի։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը 2026-ը հայտարարեց շատ կարևոր տարի այսպես կոչված՝ հայկական ժողովրդավարության համար։ Ընտրություններ են լինելու, «չարամիտները» փորձում են խաթարել ժողովրդավարական ապագան։ Ովքե՞ր են «չարամիտները»․ ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ Ադրբեջանի համար։ Վերջինս սպասում է Հայաստանի այսօրվա իշանության հաղթանակին, այսպես կոչված՝ «արևմտյան ապագային», որ իր ուզած ձևով փոխի ՀՀ սահմանադրությունը, ավանդական արժեքները, վերացնի անկախության հռչակագիրը, Հայաստան սարքի «Արևմտյան Ադրբեջան»։
Եվրոպացի հյուրը Հայաստանում խոսեց արագ արձագանքնման խմբի մասին, որը իրականում հիբրիդային հարձակման համար է ՀՀ քաղաքացու վրա, խոսեց ինչ-որ բարեփոխումներից, թե բա՝ միլիոններ են տալու։
Կաջակցեն, փող կտան, ինչ-որ վիզա կհեշտացնեն․ իսկ Հայաստանին կընդունե՞ն ԵՄ։ Այ դա՝ հաստատ ոչ։ Հայաստանն այնտեղ տեղ չունի։ Հայաստանը դեպի եվրոպա տանելու ճանապարհը գնում է Թուրքիա ու այնտեղ կանգ է առնելու, իսկ Հայաստանի ներսում եվրոպական ճանապարհը վախենամ ավարտվի «Արևմտյան Ադրբեջանով»։ Թե ինչու են ԵՄ-ին թուրքերն ու ադրբեջանցիները պետք, գիտենք, իսկ Հայաստանը ինչի՞ն է պետք, գուցե որպես միջանցք, ճանապարհ, մայրուղի, որը կապո՞ւմ է այդ երկրները։
Եվրոպացի հյուրը ասում էր՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Ինքնիշխան երկրում այլ պետության պահանջով սահմանադրություն են փոխում, ԵՄ-ն անելիք ու ասելիք չունի՞։
Շիրակի պետական համալսարանում դասախոսություն կարդացած Մարտա Կոսին տեղեկացա, որ խնդրագիր են փոխանցել «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման Շիրակի անդամները և բարձրաձայնել են Հայաստանի ինքնիշխանությանը, կարգավիճակին սպառնացող վտանգները, TRIPP-ից բխող խնդիրները, անվտանգության ռիսկերի, հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ մտահոգություններ, «Արևմտյան Ադրբեջան» թեզից բխող վտանգները, թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիայի վտանգը։ Իհարկե՝ դա պետք է բարձրաձայնեին պաշտոնյաները, ոչ թե մնար հասարակական գործիչների, քաղաքացիների վրա։