Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

Հայաստանը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի»

Դեռ երեկ թվում էր, թե պատերազմն ավարտվել է։ Այսօր պարզվում է` այն պարզապես փոխել է անվանումը։

Սպանելու համար Բաքվին այլևս տանկեր պետք չեն։ Այսօր նա գնդակահարում է Հայաստանի ապագան միջազգային դատարանների դահլիճներում՝ օգտագործելով բառերն ու փաստաթղթերը որպես մեր ազգի ու պետության վերջնական լուծարման գործիքներ։

Ադրբեջանը գոյատևմանն է հարված հասցնում, ինչի նպատակը երկիրը դատարկ տարածության վերածելն է՝ զրկված հայ ժողովրդից, ոգուց ու իմաստից։ Մենք՝ Հայաստանի քաղաքացիներն ու աշխարհասփյուռ հայությունը, գիտենք՝ խաղաղությունը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա ինքնիշխանություն ու արժանապատվություն։

Ինչպե՞ս դա սկսվեց

2022 թվականին Իլհամ Ալիևը շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը։ Հանգի՜ստ, առանց կրակոցների։ Հնչեց որպես աշխարհագրական տեղեկանք։ Իրականում՝ որպես դատավճիռ։ Այս գաղափարն անմիջապես աջակցություն ստացավ Թուրքիայի կողմից։

Մեկ ամիս անց հայտնվեց մի կառույց՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» (Western Azerbaijan Community, WAC)։ Խաղաղ դեմք, փախստականներ, վերադարձ։ Այդ դրոշի ներքո՝ ո՜չ ավել, ո՜չ պակաս՝ Հայաստան մտնելու ու այն իրենց հարմար ձևով վերաձևելու իրավունք։ Ավելին, համայնքն իրեն ներկայացնում է որպես 1989 թվականից գործող «Ադրբեջանցի փախստականների ընկերության» իրավահաջորդ։

Բաքուն պարբերաբար անցկացնում է ֆորումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ ու «վերադարձի» նարատիվի առաջխաղացման տեղեկատվական-քարոզչական արշավ։ Ալիևն անձամբ է այցելում նրանց գրասենյակ։ Թուրքիան ծափահարում է։ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորում ու համակարգում է կազմակերպության գործունեությունը։ ՄԱԿ-ը կանոնավոր կերպով նամակներ է ստանում. «Խնդրում ենք տարածել» (մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի նամակները)։

Փաստաթուղթը, որը մեզ կթաղի

2023 թվականի փետրվարի 22: Այս ամսաթիվը պետք է հիշել։ Հենց այդ ժամանակ «Վերադարձի հայեցակարգը» (The Concept of Return) ուղարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ խնդրանքով այն տարածել որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ու ԱԽ փաստաթուղթ (ՄԱԿ-ի նամակ № A/77/801–S/2023/134)։ Այս տեքստն բնավ կարեկցանքի մասին չէ։ Այն բացառապես վերջնագրի մասին է։ Ադրբեջանցիները պե՛տք է վերադառնան։ Նրանց կվերադարձվեն տնե՛րը, հողե՛րը, փոխհատուցումնե՛րը։ Վճարելու է Հայաստանը։ Դպրոցներում ու դատարաններում կներդրվի ադրբեջաներենը։ Ոստիկանության աշխատակազմը կհեղեղվի «վերադարձածներով»։ Ո՜չ մի Հայաստան։ Միայն նախկին Հայրենիք՝ դավաճանների ու ցեղասպանների կառավարման ներքո։

Մենք արդեն շեմին չենք։ Մենք ներսում ենք։

Մինչ Երևանում վիճում էին ձևակերպումների մասին, Արցախը ընկավ:

2023-ի սեպտեմբեր: Վերջ: Տների բանալիներ, որոնք ոչ ոք երբեք չի բացի։

Բայց սա դեռ վերջը չէ: Բացեք OSINT ցանկացած քարտեզ: Հայաստանի ավելի քան 240 քառակուսի կիլոմետր գտնվում է ադրբեջանական կանոնավոր բանակի վերահսկողության ներքո։ Պաշտոնական ձևակերպումը՝ «ժամանակավոր»։ Փաստացի՝ ընդմիշտ։

Հարցրեք Ներքին Հանդի բնակիչներին։ Նրանք Բրյուսելից լուրերի չեն սպասում։ Նրանք օկուպանտին տեսնում են իրենց տների պատուհաններից։ Մենք խաղաղությանը դեմ չենք։ Մենք դեմ ենք նրան, որ «խաղաղության»ուև «վերադարձի» անվան ներքո ստեղծվեն լիակատար կախվածության պայմաններ. երբ երկիրը ենթարկեցնում են, կոտրում են ինքնությունը, խարխլում են անվտանգությունն ու գործարկում են հայ ժողովրդին սեփական հողից դուրս մղելու գործընթացը։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան, “Կամուրջ” քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր

Առանց եկեղեցու ոչնչացման Հայաստանի տեղը հնարավոր չի լինի ստեղծել «Արեվմտյան Ադրբեջան»

Ի՞նչ են մտածում քաղաքացիները «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին

Ի՞նչ են մտածում քաղաքացիները «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախաձեռնության, վերաբնակեցման ծրագրերի, Ջերմուկի անվտանգության և խոստացված «խաղաղության» մասին։

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է Վենսին Բաքու այցից առաջ

Ադրբեջանի կառավարամետ քաղաքացիական հասարակության մի խումբ անդամներ դիմել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով աջակցել 1990-ականների սկզբին Հայաստանից «արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»։ Բաց նամակը հրապարակվել է Վենսի՝ Ադրբեջան այցից մեկ օր առաջ, գրում է OC-media-ն։

Նամակում հիշատակվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որը նախատեսում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիներին պետք է թույլատրվի վերադառնալ։ Այս հայեցակարգը չի ներառում նմանատիպ դրույթ Ադրբեջանից տեղահանված հայերի համար և լայնորեն դիտվում է որպես հայկական տարածքի նկատմամբ իրեդենտիստական ​​​​պահանջների ընդունում։

Նամակը սկսվում է՝ ընդգծելով, թե «Ադրբեջանը պատմականորեն ներդրումներ է կատարել իր բազմազան կրոնական ժառանգության պաշտպանության գործում», մեջբերելով այնպիսի օրինակներ, ինչպիսիք են Վատիկանի հետ համագործակցությունը, կաթոլիկության աճը և վերջերս Բաքվում առաջին մորմոնական եկեղեցու բացումը։

Նամակում բացակայում է Բաքվում և այլ քաղաքներում ադրբեջանական ուժերի կողմից Հայ Առաքելական եկեղեցու տարածքների լայնորեն փաստաթղթավորված ոչնչացման և պղծման մասին, որը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից և 2023 թվականի վերջին հարձակումից հետո։ Մյուս կողմից, նամակում նկարագրվում է «ադրբեջանական կրոնական վայրերի ոչնչացումը հայկական ուժերի կողմից ադրբեջանցիների  տեղահանման ֆոնին»։

Նամակը հիմնականում կենտրոնացած էր այս վերջին մասի վրա՝ պնդմամբ, որ Վենսի «աջակցությունը արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիքներ խաղաղ վերադարձին և Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ավերված կրոնական և մշակութային ժառանգության վայրերի վերականգնմանը կարող է նշանակալի քայլ լինել ճիշտ ուղղությամբ»։

«Մինչդեռ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ձգտում է կառուցողական երկխոսության խաղաղ վերադարձի վերաբերյալ, այս ջանքերը դեռևս փոխադարձ չեն ստացվել:

Վերջին հաշվով, արդար և երկարատև խաղաղությունը պետք է ներառի այս անձանց հաշտեցումը և անվտանգ վերադարձը իրենց նախկին տներ»,- եզրափակվում է նամակը, որում կրկին չեն հիշատակվում Լեռնային Ղարաբաղի հայերը և այլ հայեր, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները:

2 գրաֆիկ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցից. Ադրբեջանն ինչի՞ է պատրաստվում. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«2 գրաֆիկ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցից:

1֊ին գրաֆիկը ցույց է տալիս, որ 2025 թ. օգոստոսի 8֊ից հետո Ադրբեջանը, այդ թվում պետական լրատվականները սկսել են ավելի շատ խոսել «Արևմտյան Ադրբեջան» (իրականում Հայաստանը զավթելու) կոնցեպտի մասին՝ շուրջ 30%֊ով ավելի շատ։

2֊րդ գրաֆիկը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ավելի շատ զինվել՝ ռազմական բյուջեն գնալով աճում է։ Սա ՀՀ֊ում ռազմական բյուջեի կրճատման, ծառայության ժամկետի նվազեցման ֆոնին։

Սա ընդդիմությունը չի ասում, սա փաստում է անգամ Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայությունը։ Հիմա ինքներդ ասեք, Ադրբեջանն ինչի՞ է պատրաստվում»։

Արտաքին հետախուզությունը զգուշացնում է․ Ադրբեջանը ակտիվացնում է «արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը՝ նոր ռիսկեր ստեղծելով խաղաղության համար

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ներկայացված են տարածաշրջանային զարգացումների և երկրի անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերները։

Զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության արդյունքում 2026 թվականին ռազմական էսկալացիայի հավանականությունը դարձել է գրեթե անհավանական, իսկ խաղաղության ինստիտուցիոնալացման հնարավորությունը՝ բարձր։ Նշվում է, որ երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական բախման ռիսկը։

Արտաքին հետախուզության գնահատմամբ՝ 2026 թվականին քիչ հավանական են ոչ միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունները, այլև նույնիսկ տեղային միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։

Զեկույցում կանխատեսվում է, որ 2026 թվականին հնարավոր է առաջընթաց սահմանագծման և սահմանազատման գործընթացում, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության և հումանիտար հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում նույնպես ակնկալվում է առաջընթաց, ինչը կարող է խթանել տարածաշրջանային լայնածավալ տնտեսական նախագծերի իրականացումը։

Միևնույն ժամանակ, ծառայությունը զգուշացնում է, որ կապակցվածության ապահովման գործընթացների դեմ կարող են ակտիվանալ տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ընդլայնելու շահեր հետապնդող պետությունների վնասակար գործողությունները։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող խոսույթը կարող է նպաստել այդ ռիսկերի նյութականացմանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթին։ Ծառայության գնահատմամբ՝ այս քարոզչությունը երկարաժամկետ հեռանկարում էականորեն բացասաբար է ազդում խաղաղության կառուցման վրա և լուրջ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության համար։

Զեկույցում նշվում է, որ Վաշինգտոնյան հռչակագրից հետո Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է այս քարոզչությունը։ Վերլուծության համաձայն՝ ադրբեջանական իշխանամետ և պետական լրատվամիջոցներում «արևմտյան Ադրբեջանի» թեմայով հրապարակումները օգոստոսի 8-ից հետո աճել են շուրջ 36 տոկոսով։

Արտաքին հետախուզության ծառայությունը որպես առաջնահերթ խնդիր է սահմանում գնահատել, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» քաղաքականության իրական նպատակը։ Մասնավորապես ուսումնասիրվում է՝ արդյո՞ք այդ խոսույթը նպատակ ունի հակամարտությունը նոր ձևաչափով տեղափոխել Հայաստանի տարածք, թե այն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման գործիք է, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու համար։

Միևնույն ժամանակ զեկույցում նշվում է նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի շարունակական աճը։ Ծառայության գնահատմամբ՝ ռիսկային է ոչ միայն ռազմական բյուջեի ավելացումը, այլ նաև այն փաստը, որ դրա աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտների ֆինանսավորումը և հաճախ իրականացվում են հենց այդ ոլորտների հաշվին։

Ադրբեջանի նպատակներում փոփոխություն չկա. ինչու են ադրբեջանական ԶԼՄ-ները «հարձակվել» փաստաբան Րաֆֆի Ասլանյանի վրա

Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են՝ գնում են խաղաղության, կամ ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել՝  «մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, մենք արդեն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ ենք ապրում», սակայն ադրբեջանական կողմի տարբեր քայլեր հակառակն են վկայում։

«Ադրբեջանցիների նպատակներում փոփոխություն չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Օրերս առաջ նա ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինու, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա».

«Հարգելի’ մարտունեցիներ, սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։ Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել»։

Ր. Ասլանյանի այս գրառումից հետո ադրբեջանցիները «հարձակում» էին գործել. տարբեր կայքեր, էջեր  հրապարակել էին փաստաբանի այս գրառումն ու գրել, որ Հայաստանում «հիստերիա է ադրբեջանական գինու պիտակի պատճառով»։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատելը՝  նրա կողմնակիցներն ու ադրեջանցիներն արձագանքում են նույն կերպ։

Նրա կողմնակիցներն արձագանքում են, բայց մեծ մասը չի էլ հասկանում, թե ինչի մասին է խոսքն այն իմաստով, որ  նրա կառավարումը վտանգ է Հայաստանի համար, իսկ ադրբեջանցիներն արձագանքում են՝ իբրև թե լռեցնեն այն մարդկանց, որոնք քննադատում են Փաշինյանին. Փաշինյանը Հայաստանի գրավման համար իրենց կարևորագույն զենքն է, երբ որ այդ զենքը փորձում են իրենց ձեռքից վերցնել, իրենք վայնասուն են բարձրացնում»,- ասաց Ր.Ասլանյանը։

Ըստ նրա, հետաքրքիրն  այն է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում քննադատությունը թեև մեծ ծավալ է կազմում, բայց ոչ մի տեղ չի նշվում, օրինակ, «ինչու եք նման բան ասում,  մենք որևէ հավականություն չունենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ». «Որևէ նման միտք չկա, ընդամենը անուղղակիորեն փորձում են հասկացել՝ լռեք, մինչև կհասնենք Երևան։

Այսինքն, ոչ թե արձագանքում են՝ ինչու եք ժողովուրդների խաղաղությանը վնասում, մենք որևէ հավականություն չունենք։ Նման միտք ամբողջ լրատվական դաշտում չկա»։

Նա նշեց, որ ադրբեջանական գինին վաղուց է արտադրվում. «Իմ ասածն այն է, որ նրանց նպատակներում փոփոխություն չկա։

Իսկ Հայաստանի իշխանություններն արձագանքելու դեպքում պետք է ասեին՝ եթե նախկինում արտադրում էիք, հասկացանք, իսկ հիմա մենք գնում ենք խաղաղության, հիմա ինչո՞ւ եք արտադրում նման պիտակով»։

Արթուր Խաչիկյան, Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր, միջազգային հարաբերությունների փորձագետ

Տնտեսական զավթում` Իսրայելի մոդելով.ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիները ներխուժելու.

Արման Թաթոյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2016-2022 թթ.

Պատռվեց ՔՊ-ի անամոթ դեմքը. «Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ն էդ ո՞նց կապ չունի Բաքվի իշխանության հետ.