Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

«Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանում՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչություն գրասենյակի մոտ, անցկացվեց խորհրդանշական  ակցիա` «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին», որի ընթացքում  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ՄԱԿ-ի ներկայացուցիչներին փոխանցեց բողոքի նամակ՝ Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ։

Սուրենյանցի խոսքով՝ պաշտոնական հայտարարություններին հակառակ, հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի համարել ավարտված։ Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրումը կապել նոր նախապայմանների հետ, պահում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի հատվածը, առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, իսկ Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ կայացվում են խիստ դատավճիռներ։

Սուրենյանցը նաև կոչ արեց հանրությանը համախմբվել «Ոչ արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ․
«Ես այսօր հայտարարում եմ՝ ՀՀ քաղաքացիները պետք է համախմբվեն «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ, քանի որ մեծ մտահոգություն ունեմ՝ Արցախի կորստից հետո մեզ սպասվում է այդ տեսլականը։ Այսօր նամակներ ենք հանձնում ՄԱԿ-ի գրասենյակ, ակնկալիքները մեծ չեն, բայց ստիպված ենք սա անում, քանի որ չունենք ինքնաբավ իշխանություն, որ պաշտպանի մեր շահերը»,-ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Արևմտյան Ադրբեջանի օրակարգը ժողովրդագրական էքսպանսիայի դրսևորում է։

 Պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը ևս, խոսելով «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության օրակարգի մասին, նշում է՝ պետք է հանրության հստակ ներկայացնել՝ Ադրբեջանի պատկերացրած  «խաղաղությունը» իրականում նշանակում է Հայաստանի միակողմանի զիջումներ և կապիտուլյացիա։

« Ադրբեջանի պատկերացմամբ՝ Հայաստանը չպետք է ունենք Զինված ուժեր, առնվազն մի քանի տասնյակ հազար հայ պետք  է դատվեն Բաքվի դատարանում, Հայաստանը պետք է տա փոխհատուցում իրենց, 1մլն ադրբեջանցի պետք էվերադառնա Հայաստան, հայ-իրանական սահմանը պետք է հսկվի թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։ Ժողովուրդը, իհարկե, դեմ է այս ամենին, բայց իշխանությունը չի ներկայացնում ժողովրդի կամքը, նրանք կցորդն են Ադրբեջանի իշխանությունների և դանդաղ կատարում են այն, ինչ Ալիևն է  ուզում»,-ասաց Նահապետյանը։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելն է ստեղծված իրավիճակի վրա և հասնել արժանապատիվ ու կայուն խաղաղության։

Արման Ղուկասյան, քաղաքագետ

«Բայց արդյո՞ք կա վերջնական հաստատված խաղաղություն։ Չէ՞ որ խաղաղությունը հաստատվում է խաղաղության պայմանագրով, բայց դեռևս խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ։ Չէ՞ որ խաղաղությունը հաստատվում է երաշխիքներով, ժամկետներով, մեխանիզմներով, երաշխավորներ պետք է լինեն, բայց դեռևս դա չկա։

Ալիևին այսօր ձեռնտու է, որ ինքը ներկայանում է որպես «խաղաղասեր»։ Բայց Հայաստանի օկուպացված տարածքները դեռևս իր ձեռքում են։ Ալիևը դուրս չի եկել մեր տարածքներից։ Ալիևը ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը՝ անընդհատ հայտարարելով, որ Հայաստանը Ադրբեջան է, Սևանը Ադրբեջան է, Երևանը պատմական ադրբեջանական հող է»։

Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

«Զավեշտ է, չէ՞․ Փաշինյան-Ալիև զույգը, ձեռք-ձեռքի տված, բերել են պատերազմ, Նիկոլը հանձնել է հայրենիք, 5 հազար զոհ է տվել, 150 հազար փախստական, Ադրբեջանը օկուպացրել է Արցախը, Հայաստանից ավելի քան 200 ք/կմ, մեր երկրում միջանցք է բացել, հողեր է ստացել անկլավների անվան տակ, գերիներ է պահում, ու երկուսն էլ ստանում են մրցանակ՝ մարդկային եղբայրության համար, խաղաղության համար… Ալիևը ինչ պահանջում՝ ստանում է, չի գնում ոչ մի փոխզիջման, ու դա իր համար խաղաղություն է։ Նրա փոխզիջումը ժամանակավոր չկրակելն է։ Ֆիկտիվ խաղաղապահը պետական մակարդակով ֆինանսավորում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը․ իսկ Հայաստանի անհույս խաղաղապահը ոչինչ չի հակադրում»։

Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

 «Հարգելի ընկերներ, այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է Աբու Դաբիում։ Նրանք ստանալու են խաղաղության և եղբայրության մրցանակ… Եթե Ադրբեջանը խաղաղություն ուզեր, դուրս կգար Ջերմուկի հարակից տարածքներից, կստորագրեր խաղաղության պայմանագիրը, «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը չէր ֆինանսավորի»։

Lեզվի տակ ոսկորներ չկան. Ադրբեջանում հայտարարել են Հայաստանում «740 մուսուլմանական գերեզմանոցների» մասին

TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի համատեքստում Բաքվում ակտիվացել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ այս անվան տակ Ադրբեջանը նկատի ունի ժամանակակից Հայաստանի գրեթե ողջ տարածքը։

Այս անգամ նույնանուն համայնքի (որը ստեղծվել է շտապ կարգով) նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 740 մուսուլմանական գերեզմանոցների կոորդինատների որոշման մասին։ Այս մասին ասվել է Կովկասի մուսուլմանների վարչության հետ համատեղ անցկացված միջոցառման ժամանակ։

Նորահայտ գործիչը դժգոհել է, թե իբր «մուսուլմանական գերեզմանոցների մեծ մասը փաստացի ոչնչացվում է», իսկ «դրանցից մի քանիսի վրա կառուցվել են հայկական գերեզմանոցներ»։ «Սա սարսափելի փաստ է, և այն պետք է հասցվի համաշխարհային հանրությանը։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համատեղ միջոցառումներ իրականացնել Կովկասի մուսուլմանների վարչության հետ», – հայտարարել է Ալեքբերլին։

Նման տեղեկատվական արշավի նպատակը ակնհայտ է՝ մեկ քայլով հասնել երկու նպատակի։ Առաջին՝ փաստերի բացակայության դեպքում ստեղծել հայկական կողմի դեմ տարբեր պահանջների համար հուզական նախադրյալներ։ Բնականաբար, խոսք չի կարող լինել «հարյուրավոր մուսուլմանական գերեզմանատների» մասին, հատկապես՝ ոչնչացվածների։ Երկրորդ՝ շեղել ուշադրությունը Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացումից և Նախիջևանում արդեն ոչնչացված հայկական ժառանգությունից։

Հայաստանը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի»

Եթե ձեզ թվում էր, թե պատերազմն ավարտվել է, ապա ավելի լավ ականջ դրեք։ Ու դուք կլսեք հետևյալ բառերը՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Երկու բառ, որոնք իրենցում ավելի մեծ կործանարար ուժ են կրում, քան հարյուրավոր տանկերը, քանզի դրանք վտանգի տակ են դնում ինքնին Հայաստանի գոյությունը։

Առաջին անգամ Ալիևն այս եզրույթն արտաբերեց 2022 թվականին, իսկ արդեն մեկ ամիս անց հայտնվեց համապատասխան կառույցը՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (ԱԱՀ), որն իբր փախստականների իրավունքների վերականգնման մարդասիրական նպատակներ էր հետապնդում։ Իսկ այ գործնականում համայնքը ձգտում է Հայաստան մուտք գործելու և այն իրենով վերաձևելու իրավունքին։

Ադրբեջանը՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, իրականացնում է լայնամասշտաբ քարոզչական արշավ՝ ուղղված «վերադարձի» գաղափարի առաջմղմանը։ 2023 թվականի սկզբին ԱԱՀ-ն ընդունեց մի փաստաթուղթ՝ «Վերադարձի հայեցակարգը», և արդեն մեկ ամիս անց պաշտոնական Ադրբեջանն այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ուղարկեց։

Ընդամենը 2 բառը կարող են Հայաստանի դատավճիռը դառնալ։ Ու Հայաստանի բոլոր քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության սուրբ պարտքը մեր Հայրենիքի ինքնիշխանությունն ու պատիվը փրկելն է։

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

2022 թվականի օգոստոսի 3-ին Ադրբեջանում ստեղծվեց «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։ Այսպես կոչված «համայնքը» իր բազմաթիվ հայտարարություններում որպես գլխավոր նպատակ հայտարարում է Հայաստանից «վտարված ադրբեջանցիների վերադարձը»։

2023 թվականի հունվարի 26-ին «համայնքը» ընդունեց «ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ»-ը՝ ծրագրային փաստաթուղթ, որը առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը։ 2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը այն ուղարկեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակով։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը պետք է «վերադարձնի» գույքն ու հողը, իսկ իրականում՝ հայերից վերցնի ու փոխանցի ադրբեջանցիներին, Հայաստանի դպրոցներում և պետական հիմնարկներում թույլատրի ադրբեջաներենը, վճարի փոխհատուցումներ, ինչպես նաև թույլ տա ադրբեջանցիներին ներգրավվել մեր երկրի ուժային կառույցներում ու դատարաններում։

Սա է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը։

Արևմտյան Ադրբեջանի քրոնիկոնը

«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»»

Հայաստանի քաղաքացիները միավորվում են, որպեսզի պաշտպանեն իրենց երկրի ազատությունը, անկախությունն ու պատիվը:

Ստեղծվել է «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժումը: Սա առաջին իրապես հնչեղ արձագանքն է այն էքսպանսիոնիստական հայեցակարգին, որը հետևողականորեն առաջ է մղվում պաշտոնական Բաքվի կողմից՝ իր պատմաբանների, իրավաբանների, դիվանագետների ու քարոզիչների միջոցով: Հայ հասարակությունն ինքը՝ սեփական նախաձեռնությամբ ու առայժմ առանց պետական որևէ աջակցության, ձևավորում է մտահոգ անհատների հորիզոնական ցանց, որոնք «Ո՛Չ» են ասում Հայաստանի Հանրապետությանը սովերենությունից, պետականությունից ու նույնիսկ անվանումից զրկելու ծրագրերին:

Շարժման ակտիվիստներն առանձնացրել են «դեպի Արևմտյան Ադրբեջան տանող հինգ քայլերը»՝ կազմել Հայաստանի «սպառնալիքների քարտեզը», որին պետք է հակահարված տալ հենց հիմա:

Քայլ առաջին. «Պատմության վերաշարադրում»

Էթնիկ զտումներն ու տեղահանությունները, պատերազմներն ու ցեղասպանությունները, պատմության ողբերգական իրադարձությունները «Արևմտյան Ադրբեջանի» ակտիվիստների կողմից մեկնաբանվում են միակողմանի ու ընտրողաբար: Ո՛չ մի խոսք չկա ավելի քան 400 հազար հայերի մասին, ովքեր վտարվել են ներկայիս Ադրբեջանի տարածքից միայն 20-րդ դարի 80-ականների վերջին: Ո՛չ ոքի չի հուզում 2023 թվականին Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված 130 հազար փախստականների խնդիրը:

Փոխարենը, Հայաստանի ներկայիս տարածքից «ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների» խնդիրը դիտարկվում է պատմական հեռանկարում՝ «Էրիվանյան խանության ժամանակներից»: Հողի ցանկացած կտոր, որտեղ դարերի ընթացքում գոնե մեկ անգամ ադրբեջանցու ոտք է դիպել, ադրբեջանական է հայտարարվում «ըստ իրավունքի»: Խոսքն ընդհանուր առմամբ միլիոնավոր ադրբեջանցիների իրավունքների մասին է՝ ներառյալ այսօր ապրող 500 հազարը: Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանին պարտադրվի «պարտապան կողմի» դերը, որը պարտավոր է միակողմանիորեն «ուղղել անցյալը»:

Ժամանակն է «Ո՛Չ» ասելու «ժողովրդագրական խաբեբայությանն» ու «պատմական ստահոդությանը», որոնք օգտագործվում են հայկական պետականության վրա հարձակվելու համար:

Քայլ երկրորդ. «Միջազգային օրինականացում»

«Արևմտյան Ադրբեջանի» ակտիվիստները փորձում են իբրև «ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ» տարածել «Western Azerbaijan Community»-ի «Concept of Return» (Վերադարձի հայեցակարգ) հռչակագիրը, որտեղ ամրագրվում է ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք «անվտանգ ու արժանապատիվ վերադարձի» համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Խոսքը գույքի ու համայնքային հողերի իրավունքի, մշակութային ինքնավարության երաշխիքների մասին է: Նմանատիպ «շրջանակային» հռչակագրերն Ադրբեջանը հետևողականորեն փորձում է օրինականացնել միջազգային այլ կառույցների միջոցով: Արդյունքում, Բաքուն կկարողանա իր ցանկացած ագրեսիվ դեմարշ փաթեթավորել «խտրականության դեմ պայքարի» միջազգայնորեն ճանաչված ձևաչափով:

Ժամանակն է «Ո՛Չ» ասելու Հայաստան ներխուժման ծրագրերի, այդ թվում՝ գաղափարական, մշակութային ու, ի վերջո, ֆիզիկական, օրինականացմանը:

Քայլ երրորդ. «Պլացդարմներ էքսպանսիայի համար»

Արևմտյան Ադրբեջանի» էքսպանսիոնիստական հայեցակարգի գործնական իրականացման համար երրորդ քայլն անմիջապես հայկական հողի վրա «պլացդարմների» ու իրականում գոյություն ունեցող «միջանցքների» ստեղծումն է: Դասական օրինակ կարող է համարվել Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որն այսօր վերափաթեթավորվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ձևաչափով:

Հայաստանին պատմում են «խաղաղության, բարօրության ու համագործակցության» մասին, բայց գործնականում ուղիղ կապ է ստեղծվելու Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, ձևավորվելու է մի հանգույց, որն արագորեն կընդլայնի նրանց տնտեսական, այնուհետև՝ նաև քաղաքական ու ժողովրդագրական ազդեցությունը Հայաստանի բոլոր հարակից տարածքների վրա: Այս նախագծի նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը նույնիսկ նախնական փուլում սահմանափակված է ընդամենը 26 տոկոսով: Հետագայում՝ ներդրումների իրական ծավալներին համամասնորեն բաժնեմասերի վերաբաշխման պատրվակով, այն հնարավոր կլինի վերջնականապես չեզոքացնել: Այդ ամենից Հայաստանի համար որևէ հուսալի պաշտպանություն նախատեսված չէ:

Ժամանակն է «Ո՛Չ» ասելու օտար, խորթ ու պոտենցիալ վտանգավոր տնտեսաքաղաքական ուղեծրին Հայաստանը քայլ առ քայլ ինտեգրելու փորձերին:

Քայլ չորրորդ. «Ինքնիշխանության քայքայում»

Չորրորդ քայլը Հայաստանի «ենթակա» ու «երկրորդային» կարգավիճակի ինստիտուցիոնալ ձևակերպումն է համաձայնագրերի, միջազգային առաքելությունների ու «համատեղ մեխանիզմների» ցանցի միջոցով: Western Azerbaijan Community-ի փաստաթղթերն ուղղակիորեն խոսում են Հայաստանի հետ վերիֆիկացիայի և երաշխիքների մեխանիզմներով «իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագրի» անհրաժեշտության, Հայաստանի տարածքում մշտական առաքելությունների և մոնիթորինգային կառույցների ստեղծման մասին:

Հետագայում հայկական օրենսդրության, հողային ու հասարակական հարաբերությունների, տնտեսության, անվտանգության կամ ենթակառուցվածքների ոլորտում ցանկացած փոփոխություն պետք է հաշվի առնի «վերադարձող ադրբեջանական համայնքների» ու նրանց միջազգային համակարգողների շահերը: Հայաստանը վերջնականապես կհանձնվի արտաքին թշնամական կառավարմանն ու կզրկվի լիարժեք ինքնիշխանությունից:

Ժամանակն է «Ո՛Չ» ասելու «միջազգային աջակցության» պատրվակով Հայաստանի ինքնիշխանության դանդաղ լուծարմանը:

Քայլ հինգերորդ. «Հայաստանի չեղարկում»

Արևմտյան Ադրբեջանի ռազմավարության իրականացման վերջնական քայլը «Հայաստանի»՝ որպես ինքնիշխան պետության, լիակատար չեղարկումն է աշխարհի քարտեզների վրա: Արդեն այսօր փաստաթղթերում ու մեդիա-նարատիվներում մեր երկրի ողջ տարածքի նկատմամբ օգտագործվում է «Western Azerbaijan» եզրույթը:

Հենց նման խոսույթն «օրինականացվի» ու «արմատավորվի» միջազգային բյուրոկրատիայում, մեդիայում ու փորձագիտական շրջանակներում, Հայաստանը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, նրանց համար կդադարի գոյություն ունենալ: Մեդիա և պաշտոնական հռետորաբանության մեջ սուբյեկտայնության կորստին անխուսափելիորեն կհաջորդի նաև պետության փաստացի «ջնջումը» քաղաքական քարտեզներից: Հայաստանը կվերանվանվի «Արևմտյան Ադրբեջանի», որտեղ հայկական ներկայությունը կլինի ընդամենը բաղադրիչներից մեկը, այլ ոչ թե պետականության հիմքը:

Ժամանակն է «Ո՛Չ» ասելու «Արևմտյան Ադրբեջանին»:

Իրանական «ժողովրդագրական ռեզերվը»

Մինչ Հայաստանը քննարկում է «խաղաղության պայմանագիրն» ու «բաց սահմանները», Բաքուն փնտրում է միջազգային հանրությանը հայտարարած «միլիոնավոր բաժանված ադրբեջանցիներին»։ Այս տրամաբանության մեջ գլխավոր ռազմավարական ռեսուրսը ոչ միայն սեփական բնակչությունն է, այլև Իրանի միլիոնավոր ադրբեջանցիները։

Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում ապրում են միլիոնավոր թյուրքախոս շիաներ, որոնց ադրբեջանական պատմագրությունը հայրենակիցների շարքին է դասում։ Ադրբեջանական ու թուրքական ազգայնական դիսկուրսը 30 միլիոն ադրբեջանցիների մասին է խոսում՝ նրանց Իրանի «ճնշված մեծամասնություն» հայտարարելով։ Այս թիվն առնվազն կրկնակի գերազանցում է միջազգային գնահատականները։ Բաքվի համար կարևոր են ոչ թե ճշգրիտ թվերն, այլ քաղաքական խորհրդանիշը՝ «քառասուն միլիոնանոց ադրբեջանական ժողովուրդը», որն արհեստականորեն բաժանված է սահմաններով (այդ թվում՝ Հայաստանի հետ սահմաններով)։

Այս «միլիոնները» չափազանց կարևոր են «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հայեցակարգի սպասարկման համար։ Արցախի փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է այս տրամաբանությունը գործնականում աշխատել։ Տարածաշրջանի ռազմական զավթումից հետո Բաքուն հայտարարում է տասնյակ ու հարյուր հազարավոր մարդկանց այնտեղ բնակեցնելու նպատակների մասին՝ օգտագործելով պետական ծրագրերը, արտոնություններն ու ենթակառուցվածքային նախագծերը։ Նույն մոդելը տեսականորեն կարող է տեղափոխվել Հայաստան. նախ՝ «վերադարձի» իրավունքի իրավական ամրագրում, ապա՝ ներկայության օջախների ստեղծում, իսկ հետո՝ «ադրբեջանական բնակչության շահերի» քաղաքական արտիկուլացում։

Իրանյան ադրբեջանցիները նաև Թեհրանի վրա ճնշում գործադրելու տարր են դառնում. որքան ակտիվ են Ադրբեջանն ու Թուրքիան հղում անում «Հարավային Ադրբեջանին», այնքան ավելի զգույշ պետք է Իրանն իրեն դրսևորի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, որպեսզի չբորբոքի սեփական ազգային հարցը:

Հարձակման զենքը

«Արևմտյան Ադրբեջանի» մասին պաշտոնական Բաքվի առասպելների միջազգային օրինականացման առանցքային գործիքը դարձավ Western Azerbaijan Community (Արևմտյան Ադրբեջանի համայնք, WAC) լոբբիստական կազմակերպությունը։ Այն ինտենսիվորեն աշխատում է միջազգային կառույցների հետ, տարածում է «վերադարձի իրավունքի» ու «պատմական արդարության» իրավաբանական լեզուն, միակողմանի էմոցիոնալ փորձը տեղափոխում աշխարհաքաղաքական հավակնությունների ու կոնկրետ բանաձևերի հարթություն։

2023 թվականից հետո WAC կազմակերպությունը նպատակաուղղված արշավ սկսեց ՄԱԿ-ի համակարգում ու հարակից միջազգային ինստիտուտներում։ 2023 թվականի հունվարին «ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքի» մասին նրա դիմումը պաշտոնապես տարածվեց որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության Խորհրդի փաստաթուղթ, ինչը թույլ տվեց «Western Azerbaijan Community» եզրույթն ամրապնդել ֆորմալ դիվանագիտական շրջանառության մեջ։

Զուգահեռաբար, WAC-ը նամակներ է հղում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ կառույցներին՝ Հայաստանին մեղադրելով «ադրբեջանական մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացման» մեջ ու պահանջելով առաքելություն ուղարկել այդ օբյեկտների մոնիթորինգի և «վերականգնման» համար՝ դրանով իսկ վերակոդավորելով հայկական հուշարձանները որպես ադրբեջանական, ու խորհրդանշական բազա նախապատրաստելով ապագա տարածքային հավակնությունների համար։

Այս դիվանագիտական հարձակվողական արշավում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց 2023 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված դիմումը, որտեղ WAC-ը խնդրում էր Հայաստան ուղարկել հատուկ միջգործակալական առաքելություն, որը կվերահսկեր ու կհամակարգեր «Արևմտյան Ադրբեջանի» վերածննդի գործընթացը։

Ալիևի վտանգավոր և խորամանկ առաջարկը՝ Փաշինյանին

Մինչ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձում է հանրությանը «վաճառել» խաղաղության չհաստատված, փխրուն և խոցելի օրակարգը, ավելին՝ քննադատել ընդդիմախոսների՝ Սահմանադրության այս կամ այն կետն իրենց «հարմարեցնելու» մտադրությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում, նաև առանձին՝ France 24-ին տված հարցազրույցում ոչ կառուցողական քաղաքական պահվածք է դրսևորել և շարունակել առաջ տանել իրենց՝ ՀՀ սահմանադրության և «արևմտյան Ադրբեջանի» տրամաբանության մեջ նախապայմանները:

Նախապայման N1 կամ՝ Ալիևի «կարմիր գիծը»

Ալիևը նախ ադրբեջանական հեռուստաալիքներին է ասել, որ՝ «Հայաստանի Սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, հենց այդ փոփոխությունները կատարվեն, կարող են հաջորդ օրն էլ խաղաղության պայմանագիրը ստորագրել»: Այսինքն, որքան շուտ տեղի ունենան սահմանադրական փոփոխությունները, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը:

Իսկ խոսքը, բնականաբար, Սահմանադրությունից Անկախության հռչակագրի մասին դրույթը հանելն է, որը Բաքուն ընկալում է՝ որպես իր նկատմամբ տարածքային պահանջ:

Նույն պնդումն ավելի ուշ նա արել է նաև ֆրանսիական լրատվամիջոցի հետ հարցազրույցում՝ ասելով, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է իրականացնի որոշակի ֆորմալ գործողություններ: Այսինքն, Ալիևը համաձայնել է France 24-ի լրագրողի դիտարկման հետ, որ ՀՀ սահմանադրությունը (Անկախության հռչակագիր, Արցախ-Հայաստան վերամիավորում) պարունակում է Արցախի հետ կապված տարածքային պահանջ, և այն «կարմիր գիծ է» իր համար, և մինչև այդ պահանջը չհանվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի:

«Հայաստանի սահմանադրության մեջ, որը վաղուց է ընդունվել՝ Ղարաբաղի «օկուպացիայի» ժամանակ, հղում կա Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ կետ կա, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին: Դա տարածքային պահանջ է Ադրբեջանին: Դա պետք է փոխվի: Ես տեղյակ եմ, որ Հայաստանը պլանավորում է անցկացնել հանրաքվե: Եվ երբ սա իրականացվի, ոչ մի խոչընդոտ չի լինի խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար»,- շեշտել է Ալիևը France 24-ի հետ հարցազրույցում:

Մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ինքը ևս շահագրգիռ է՝ բացառելու ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագիրը, թեև ոչ մեկ անգամ հայտարարել է, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, և Սահմանադրությունը փոխելու իր քաղաքական ցանկության և պարտադրանքի պատասխանատվությունը «դրել» է դարձյալ ժողովրդի վրա, թե ժամանակն է, որ ունենանք ժողովրդի կողմից իրապես ընտրված և «լեգիտիմություն» ունեցող Սահմանադրություն, որը կբավարարի նաև ժամանակակից աշխարհի, այս դեպքում ճիշտ կլինի ասել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները: Մի առիթով 168.am-ը մանրամասն ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական ռևոլյուցիաները»: Իհարկե, իշխանության ներկայացուցիչները շարունակում են ասել, որ Սահմանադրությունը Բաքվի պահանջով չեն փոխում, և, որ այն որևէ խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն իրականությունն այլ է:

Փաստ է՝ Ալիևը շարունակում է շանտաժի և նախապայմանների լեզվով խոսել ՀՀ իշխանությունների հետ, և սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի սահմանադրության մեջ հստակ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչն ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանը, ինչի վտանգների մասին խոսել է տարբեր առիթներով, բայց Հայաստանը սահմանադրության փոփոխության պատասխան պահանջ չի ներկայացրել երբեք:

Նախապայման N2 կամ՝ «արևմտյան ադրբեջանցիների» «իրավունքը»

Բազմիցս գրել ենք՝ «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի հեղինակն Ալիևն է, և այն մաս է կազմում Բաքվի պետական քաղաքականության: Այս մասին դեռ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի հունիսի 19-ի ԱԽ նիստում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում…»,- մասնավորապես, նշել էր նա:

Պատերազմից հետո տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ավելի ուշ՝ նաև Արտաքին հետախուզական ծառայությունը սկսեցին պարբերաբար խոսել «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի իրական ռիսկերի մասին: Այլ հարց է՝ որքանով ենք գործնականում դա լուրջ ընդունում և դրան հակազդելը պետական քաղաքականության բաղադրիչ դարձնում: Իսկ Ալիևը հետքայլ չի արել նաև այս հարցում:

«Հազարավոր ադրբեջանցիներ կան, որոնք դեպորտացվել են ժամանակակից Հայաստանի տարածքից, «ենթարկվել էթնիկ զտման», բայց ՀՀ կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի հետ կապված: Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է դիտարկել փոխադարձության տեսանկյունից: Վերադարձի իրավունքն ունիվերսալ իրավունք է, և, իհարկե, Ադրբեջանն անպայման հետ կհարգի այս իրավունքը, եթե մենք ստանանք համապատասխան խնդրանք։

Բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմի մեջ ենք եղել Հայաստանի հետ, և նրանք 30 տարի «օկուպացրել են մեր տարածքը», ակնկալում ենք նույնատիպ վերաբերմունք հարյուր-հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ: Նրանց մենք անվանում ենք «արևմտյան ադրբեջանցիներ», որոնց հնարավորություն պիտի տրվի վերադառնալ այսօրվա Հայաստանի տարածք»,- France 24-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Այսինքն, Ալիևը «փոխադարձություն սկզբունք» ասելով՝ նկատի չունի արցախցիների վերադարձ, երբ օկուպացված Արցախում մնացած հայերին վերջերս ճանապարհեցին Հայաստան, և ոչ էլ նկատի ունի Բաքվի փախստականների վերադառնալու հնարավորությունը, նա, ըստ էության, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը Հայաստան դիտարկում է փոխհատուցման տրամաբանության մեջ:

Բավականին խորամանկ քաղաքական քայլ, որին արդյո՞ք չի տրվի ՀՀ իշխանությունը, արդյո՞ք չի խաղարկի, օրինակ, նշելով, որ նյութական փոխհատուցման փոխարեն՝ սա վատ առաջարկ չէ: Այս իշխանությունների դեպքում որևէ բան հնարավոր չէ բացառել:

Ի դեպ, գրել ենք, որ երեկ Երևան եկած ադրբեջանական պատվիրակության կազմում է նաև մեկը, ով ստորագրել է «արևմտյան Ադրբեջանին» առնչվող ԱՄՆ փոխնախագահ Վենսին ուղղված նամակի տակ:

Այստեղ տեղին է ուշադրություն հրավիրել մի դրվագի վրա. այս օրերին ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի փորձագետները Կիրանցի հատվածում, հատելով սահմանազատված և սահմանագծված տարածքը, հանդիպել են հայ սահմանապահներին, կատարվել են որոշ ընթացակարգեր, բայց կարծես իրենց նվաստացած չեն զգացել, այդ դեպքում՝ ինչո՞ւ է «Թրամփի ուղի» նախագծի դեպքում խնդրահարույց համարվել ադրբեջանցիների ուղիղ շփումը հայ սահմանապահների հետ:

Իսկ Ալիևը Մյունխենում անդրադարձել է նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին դատապարտելուն և նրանց ներում շնորհել-չշնորհելու խնդրին, ինչը Բաքվի բռնապետը, լինելով ռազմական հանցագործ, մերժել է՝ նշելով, թե «մարդկության դեմ նրանց կատարած հանցագործությունը նույնիսկ ավելի ծանր ու վատն էր, քան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կատարածը»:

Իսկ ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը հետ վերցնել միջազգային իրավական ատյաններից, և վստահեցնում են՝ մի օր բոլոր գերիները վերադառնալու են… Գուցել, բայց այն դեպքում, երբ Ալիևը ցանկանա, ինչի համար հաստատ լուրջ «գին» է որոշվելու…

Արևմտյան Ադրբեջան. Հայաստանի ոչնչացման 5 քայլերը

Քայլ 1. Տարածքների կորուստ

Արցախի կորստից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին 100 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց տները, Ադրբեջանը շարունակում է ինքնիշխան Հայաստանի տարածքների օկուպացիան։ Բաց քարտեզագրական աղբյուրների ու OSINT հաշվարկների տվյալներով՝ Հայաստանի տարածքից ավելի քան 240 քառակուսի կիլոմետր գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ՝ հիմնականում Ջերմուկի (Վայոց Ձոր), Վերին Շորժայի (Գեղարքունիք) ու սահմանամերձ այլ հատվածների մերձակայքում։

Ներքին Հանդ գյուղը դարձել է սահմանամերձ հայաթափման խորհրդանիշը. ադրբեջանական դիրքերի մոտ լինելու պատճառով բնակչությունը գրեթե ամբողջությամբ լքել է գյուղը։ Ու սա եզակի դեպք չէ. Տավուշի, Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանամերձ գյուղերը բնակչության զանգվածային արտահոսք են ապրում։

Միաժամանակ Բաքուն ակտիվորեն առաջ է մղում հայկական բնակավայրերի ու աշխարհագրական օբյեկտների ադրբեջանական անվանումները։ Տեղանունների ջնջումը ժողովրդի հիշողության, նրա հողի նկատմամբ իրավունքի ու պատմության խորհրդանշական ջնջումն է։

Քայլ 2. Ազգային ինքնության կորուստ

Իշխանությունները համակարգված պատերազմ են մղում Հայ Առաքելական Եկեղեցու՝ ազգային ինքնության առանցքային ինստիտուտի դեմ։ Այն բանից հետո, երբ 2026 թվականի փետրվարին Հայ Առաքելական Եկեղեցին որոշեց Եպիսկոպոսաց դասի ժողով գումարել ավստրիական Սանկտ Պյոլտենում, մի շարք հոգևորականների արգելվեց երկրից դուրս գալ, իսկ բարձրաստիճան հոգևորականների մի մասի նկատմամբ գործեր հարուցվեցին ու խափանման միջոցներ կիրառվեցին։ Երբ Եկեղեցու, խորհրդանիշների ու լեզվի նկատմամբ ճնշումը նորմա է դառնում, երկիրը վերածվում է պարզապես մի տարածքի, որը զրկված է ներքին առանցքից։

Քայլ 3. Տնտեսական անկախության կորուստ

TRIPP տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրն արդեն ստորագրված է, ինչն առանցքային տարանցիկ ենթակառուցվածքների նկատմամբ տասնամյակներով վերահսկողության փոխանցում է նշանակում: Սա «ներդրում» չէ, այլ կախվածության բանաձև. հիմնական ֆինանսական հոսքերը (տարանցման վճարներ, առևտրային գործունեություն, ռենտա-վճարներ) անցնում են դրսից վերահսկվող փաթեթ ունեցող ընկերության միջոցով, իսկ Հայաստանին խոստացված 26 տոկոսը ոչ թե երաշխիք է, այլ մի բաժնեմաս, որը միշտ էլ ավելի հեշտ է «վերանայել», երբ խաղադրույքները բարձրանան:

«Միջանցք» բառը ստերիլ է հնչում, բայց գործնականում դա արտաքին կառավարում է ու հզորների թելադրանք, ինչպես նաև քրեական զգալի ռիսկեր. մեր տարածքով է անցնելու հերոինի երթուղին, ահաբեկիչների ու սպառազինությունների տարանցումը: Թուրքիայի հետ սահմանի բացումն առանց պաշտպանիչ մեխանիզմների հարված կհասցնի ՓՄՁ-ներին, կխորացնի գործազրկությունն ու շուկան կենթարկի ավելի հզոր արտադրողին, իսկ պարտքերի ու ստրկացուցիչ պարտավորությունների աճը երկիրը կմոտեցնի դեֆոլտի ռիսկերին:

Քայլ 4. Ինքնիշխանության կորուստ

Հայաստանի իշխանությունները երկիրը զրկում են պաշտպանունակությունից՝ կրճատելով պաշտպանական բյուջեն 15 տոկոսով ու հասցնելով այն 1,5 միլիարդ դոլարի, և նվազեցնելով ժամկետային զինծառայության տևողությունը 24-ից 18 ամսվա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն մինչև 4,1 միլիարդ դոլար (4,8 տոկոս աճ), իսկ Թուրքիան՝ մինչև 47 միլիարդ դոլար (30 տոկոս աճ)։

Բանակի «բարեփոխումների» մասին ցանկացած խոսակցություն վերածվում է դրա ապամոնտաժման գործընթացի, իսկ երկիրն առանց վահանի է մնում առավելագույն խոցելիության պահին՝ հակառակորդի բազմապատիկ գերազանցության պայմաններում։ Թշնամու միակողմանի պահանջների վրա հիմնված Խաղաղության պայմանագիրը ոչ թե փակում է հակամարտությունն, այլ նոր պահանջների համար տարածք է ընդլայնում։ Սահմանադրության փոփոխությունները, որոնք քննարկվում են արտաքին ճնշման ներքո, կդառնան Հայաստանը մանիպուլյացիաների օբյեկտի վերածելու իրավական ամրագրում։ Թշնամու թելադրանքով վերաշարադրված Սահմանադրությունը դադարում է լինել ազգի վահանն ու վերածվում է պետության լուծարման քայլ առ քայլ հրահանգի։

Քայլ 5. Ամեն ինչի կորուստ

Ըստ «Վերադարձի հայեցակարգի»՝ ավելի քան 300 հազար ադրբեջանցի պետք է վերաբնակեցվի Հայաստանում։ Սրանք փախստականներ չեն, սա գաղութացման կազմակերպված ալիք է. «վերադարձի հայեցակարգը» նախատեսում է սեփականության իրավունքների (հող, կապիտալ, փոխհատուցումներ) վերաբաշխում հենց հօգուտ «վերադարձածների»։

Հայատյացությունը սոցիալական ճնշման ու անվտանգության սպառնալիքի գործոն կդառնա՝ հայերին վերջնական արտագաղթի դրդելով։ Հզոր ադրբեջանական համայնքի ձևավորումը՝ ինքնավարացման հեռանկարով, կհանգեցնի տարածքի լիակատար հայաթափմանն ու ապաքրիստոնեացմանը։ Հայաստան կհորդի փողատեր ու սեփական կամքը թելադրելու իրավունքով տերերի հոսքը։ Այս սխեմայում մեզ սեփական հողում փախստականի դերն է վերապահված։ Հայաստանի լուծարման նախագիծն արդեն հաստատված է ու գործարկված. սկզբում երկիրը կկորցնի սահմանամերձ շրջանները, ապա կգա քաղաքների հերթն, ու ի վերջո մեր երկիրը կվերածվի Արևմտյան Ադրբեջանի՝ առանց հայերի պետության ։