Ալիևը հայտարարել է, թե ավելի քան 80 հազար մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։ «Արևելյան Զանգեզո՞ւր»․․․ Իսկ ո՞րն է, ըստ նրա, «Արևմտյան Զանգեզուրը», և ո՞ւմ պատճառով հասանք նման աղետալի ձևակերպումներին։
Սրանք հազար անգամ հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ներառյալ գյուղերն ու տարածքները, որոնց անունը դրել են անկլավներ․ իսկ կա՞ Ալիևի ելույթ, որտեղ նա ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս ամենն ունի մեկ վերջնակետ՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Երբ դու ինքնակամ քանդում ես քո պետության տնտեսական, հոգևոր, պատմական ու ռազմական հիմքերը, քո փլատակների վրա կառուցվում է թշնամու պետությունը։ Սա՛ է այս իշխանության վարած քաղաքականության դաժան գինը։
Հայաստանի ու Ադրբեջանի այսօրվա իշխանությունների քայլերը համահունչ են մեկը մյուսին։ Բաքվի իշխանությունը ադրբեջաներենով է խոսում, Հայաստանինը՝ հայերեն, բայց երկուսն էլ նույն բանն են անում։
Վենսի շառը և հայաստանյան ընտրությունները: Նկատել եք, չէ՞, հետաքրքիր օրինաչափություն կա. որտեղ հայտնվում են ամերիկացիները, շատ դեպքերում այն թեկնածուները, ում իրենք աջակցում են, պարտվում են: Իլոն Մասկը հայտնվեց Գերմանիայում՝ աջերը պարտվեցին: Ջեյ Դի Վենսը եկել էր Հունգարիա ընտրություններից մի քանի օր առաջ՝ Վիկտոր Օրբանը խայտառակ պարտություն կրեց:
Հիշեք՝ ինչ էր անում այստեղ Ջեյ Դի Վենսը ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Նիկոլ Փաշինյանին աջակցություն էր ցուցաբերում: Իշխանական քարոզչամեքենան էլ ոգևորվել էր, ասում էր՝ «այո, ընդդիմադիրները կասեն, որ ամերիկացիները խառնվում են Հայաստանի գործերի մեջ, բայց դա ցույց է տալիս, որ երբ որ Վենսը ասում է, որ աջակցում են Փաշինյանին, դա նշանակում է, որ մի շարք ծրագրեր ունեն իրենք, որոնք կապում են անձամբ Փաշինյանի հետ»:
Լավ, իսկ որո՞նք են այդ ծրագրերը: Այդ ծրագրերից մեկը, որն ակնհայտ է, «TRIPP»-ն է: Ի՞նչ է դա. դա հակաիրանական սանիտարական կորդոն է Հայաստանի Հանրապետության տարածքում: Եվ առնվազն կա տպավորություն, որ թե՛ Իրանի նոր դեսպանը Հայաստանում, թե՛ ընդհանրապես Իրանի իշխանությունները գիտակցում են այս ամենը և բավականին զուսպ գնահատականներ են տալիս:
Բայց նաև պետք է արձանագրենք հետևյալը. տեսեք, այն, ինչ ամերիկացիները անում են հիմա մեր տարածաշրջանի պետություններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, մեզ համար սպառնալիք է ներկայացնում: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ պատերազմական գործողությունները և ռմբակոծությունների այն ինտենսիվությունը, որ կար, շարունակվի. փախստականների հարցը ո՞նց է լուծվելու: Ակնհայտ է, որ փախստականները պետք է գան Հայաստանի Հանրապետություն:
Բացի այդ, շատ է խոսվել այն մասին, որ 2022 թվականի իրադարձությունների ժամանակ Ջերմուկի հարակից տարածքում ռուսական զորքերի ներկայությունը, Արցախից եկած մեր հատուկջոկատայինների առկայությունը, ինչպես նաև իրանական գործոնը և զորքերի զորաշարժը թույլ չտվեցին ադրբեջանցիներին կիսել Հայաստանը և ստանալ «Զանգեզուրի միջանցքը»: Հիմա եթե իրենք ոչնչացնեն Իրանը ներկայիս կոնֆիգուրացիայով, դա ի՞նչ է լինելու Հայաստանի համար: Դա սպառնալիք է լինելու:
Ամերիկայի Միացյալ Նահանգները օվկիանոսից այն կողմ են, իսկ մենք ունենք հարևան՝ ի դեմս Իրանի: Այդպես եղել է և այդպես միշտ պետք է լինի: Ձեր կարծիքով՝ իրանական կողմը հետևություններ չի՞ անելու հայկական կողմի այս դիրքորոշումներից, երբ իր դեմ պատերազմի պայմաններում դու փաստացի մաս ես կազմում հակաիրանական ճամբարի: Այս ամենի պտուղները քաղելու է Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանից արտագաղթի գլխավոր պատճառը շարունակում է մնալ աշխատանքի և վարձատրության խնդիրը։
Մինչ Փաշինյանը հպարտանում է, թե 2025-ին ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել, պետք է հարցնել՝ իսկ ովքե՞ր են եկողները։ Հայաստանի քաղաքացինե՞րը, թե՞ Հնդկաստանի ու Պակիստանի, որոնք արդեն զբաղեցնում են տեղացիների աշխատատեղերը՝ էժան աշխատուժ լինելու պատճառով։
Իսկ վա՞ղն ովքեր են գալու… ադրբեջանցինե՞ր։ Հիմա պատկերացրեք՝ մեր երկիր գան աշխատելու ադրբեջանցիներ։ Միանգամայն հնարավոր է։ Որտեղի՞ց կսկսեն աշխատելը․ գուցե TRIPP-ի՞ց։ Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ շինարարության փուլում երրորդ գործընկերոջ կարիքը կունենանք։ Իսկ ինչո՞ւ եմ կարծում, որ այդ երրորդ գործընկերը կարող է լինել հենց Ադրբեջանը։
Բաժնետոմսերի 76 տոկոսը տնօրինող ԱՄՆ-ն, պարզվեց, բանակցում է Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանը ներդրում ունենա ԱՄՆ այն մասնավոր ընկերություններում, որոնք գործելու են Սյունիքում՝ TRIPP-ի շրջանակներում։ Սա հենց ադրբեջանական ներգրավում է։ Կամաց-կամաց նրանք կներթափանցեն այլ ոլորտներ՝ տեղաբաշխելով ադրբեջանցի խոպանչիների։
Ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես են բնութագրում Արցախի հայ բնակչության տեղահանությունը, ինչ կարող է լինել հաջորդը՝ եթե Ադրբեջանը գրավի Հայաստանի նոր տարածքներ, և արդյո՞ք պատմության ծանր էջերը կարող են կրկնվել։ Դիտեք տեսանյութը մինչև վերջ ու գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։
Ապրիլի 23-ին՝ ժամը 14:00-ին, Երևանում կկայանա մամուլի ասուլիս՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումներ» թեմայով։ Մասնակցելու են միջազգային և հայ փորձագետներ։ Դիտեք ուղիղ եթերով և կիսվեք։
Անի Ավետյան, լրագրող
Լուիս Մորենո Օկամպո՝ միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ (Արգենտինա)
Պիեռ դը Գոլ՝ հասարակական գործիչ (Ֆրանսիա)
Հենրի Կ․ Թերիո՝ ցեղասպանության հետազոտող, Worcester State University-ի ակադեմիական հարցերով պրոռեկտոր, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի (International Association of Genocide Scholars) նախկին նախագահ
Ադրիան Լոմլոմջյան՝ Արգենտինայի Հայկական մշակութային միության (Unión Cultural Armenia – UCA) նախագահ
Վարուժան Գեղամյան՝ թուրքագետ
Գևորգ Ղուկասյան՝ «Հայ դատի» գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու
Ապրիլը 24-ը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար մնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Սրանով հանդերձ, պատմական ողբերգությանը զուգահեռ, մենք կանգնած ենք գոյաբանական նոր վտանգի առաջ:
● Ինքնիշխան տարածքի օկուպացիա և ռազմական ագրեսիա
2026 թվականի փետրվարի դրությամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը անօրինականորեն վերահսկում են Հայաստանի ավելի քան 240 քառակուսի կիլոմետր տարածք՝ Ջերմուկի, Վարդենիսի, Սիսիանի և Գորիսի շրջաններում։ Ծանր զինտեխնիկան տեղակայված է անմիջապես խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հարևանությամբ՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով հազարավոր մարդկանց կյանքի համար։
● Արցախի հայերի էթնիկ զտում
2023 թվականին ավելի քան 100 հազար հայեր հարկադրաբար վտարվեցին Արցախից։ Միջազգային կազմակերպությունները փաստագրել են շրջափակումը, ռմբակոծությունները և կազմակերպված էթնիկ զտումը։
● Պետական մակարդակով հայերի գոյության իրավունքի ժխտում
Ադրբեջանի իշխանության կողմից խրախուսվող «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրն, ըստ էության, հավակնություն է Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս պահանջը ուղեկցվում է հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ, դեհումանիացիայով և հայկական պետականության վերացման բացահայտ կոչերով։
● Հայկական մշակութային ժառանգության ոչնչացում
Օկուպացված տարածքներում համակարգված ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ և պատմամշակութային հուշարձաններ։ Սա մշակութային ցեղասպանության դասական դրսևորում է՝ նպատակ ունենալով ջնջել հայերի պատմական հետքը։
● Պետական մակարդակով ատելության քարոզչություն
Ադրբեջանի դպրոցական ծրագրերում, պետական լրատվամիջոցներում և պաշտոնյաների հայտարարություններում հայերի նկատմամբ թշնամանքը սերմանվում է համակարգված։ Սա ստեղծում է հող՝ նոր հանցագործությունների համար։
Միջազգային հանրությունը լռում է, սակայն մենք պարտավոր ենք բարձրաձայնել այս խնդիրների մասին։
Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ արդեն արյունահոսում են՝ Ջերմուկ, Վերին Շորժա, Ներքին Հանդ, Տիգրանաշեն, Վերին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու։
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր՝ Հայաստանն ու հայ ժողովրդին զերծ պահելով նոր արհավիրքներից:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Ներողություն եմ խնդրում, ավելին՝ я тысячекратно извиняюсь, որ այս տեսանյութը նկարաճանում եմ ոչ թե Լարնակայից, այլ Երևանից։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր։ Նախ՝ Wizz Air-ի տոմսերն այլևս այդ արժեքը չունեն (պետք է հասկանալ՝ ավիաընկերությունը ՔՊ-ի նախընտրական քարոզարշա՞վն էր ֆինանսավորում, թե՞ այլ պատճառ կար, որ նման գին էր հայտարարվում)։ Բացի այդ, առկա են վիզայի, վիզաների կենտրոնի և հյուրանոցի ծախսերը։ Այդ պատճառով այժմ ստիպված ենք տեսանյութը ձայնագրել Երևանից, որը, ի դեպ, ոչնչով չի զիջում Լարնակային։
Սակայն այժմ կցանկանայի խոսել մեկ այլ՝ ավելի կարևոր թեմայի մասին։ 2001 թվականի ապրիլի 16-ին՝ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ընդունվեց «Ոստիկանության մասին» օրենքը, և այդ օրվանից ի վեր այս ամսաթիվը նշվում է որպես Ոստիկանի օր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նույնպես այցելել էր Ներքին գործերի նախարարություն։ Նրան դիտելիս հիշեցի 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ տարածված այն տեսանյութը, որտեղ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է քաղաքացուն, և պարզվում է, որ ոստիկանը ադրբեջանցի է։
Այժմ՝ ընտրություններից հինգ տարի անց, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ 2021 թվականի այդ կադրերն ավելի քան իրատեսական են թվում։ Ավելին, այդ ամենն արդեն նյութականացվում է։ Ադրբեջանում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով միջոցառումները, ֆինանսավորվում են տարբեր մշակութային նախագծեր, որոնք փորձում են հիմնավորել, թե Երևանը հինավուրց ադրբեջանական քաղաք է։ Հենց Ոստիկանի օրը պետք է արձանագրել. եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, ապա 2021 թվականի այդ տեսանյութի իրականությունը կդառնա մեր առօրյան, և մենք շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով։ Դա է հուշում նաև տրամաբանությունը. եթե տարածքը համարվում է «Արևմտյան Ադրբեջան», ապա այնտեղ պետք է լինեն հենց ադրբեջանցի ոստիկաններ։
Առանձնակի ռիսկեր կան նաև «TRIPP» նախագծի վերաբերյալ։ Ադրբեջանը փաստացի պարտադրեց այս նախագծի կյանքի կոչումը, և նրանք կարող են պարտադրել նաև, որ անվտանգությունն այդ շրջանակներում ապահովի հենց այն նույն ադրբեջանցին, որին տեսել էինք 2021 թվականի տեսանյութում։ Իսկ թե ինչպես են նրանք «անվտանգություն ապահովում», հիշում ենք Լաչինի միջանցքի շրջափակման օրերից, երբ ադրբեջանցին քերթում էր Արցախի դրոշը մարզիկների ավտոբուսից։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև «Արևմտյան Ադրբեջանում»։
Մտածե՛ք այս մասին և եկեք վերհիշենք այդ տեսանյութերը՝ թարմացնելով մեր հիշողությունը»։
Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, չնայած որոշակի դրական զարգացումներին, դեռևս ուղեկցվում է բարդ և հակասական նարատիվներով։ Արդի քաղաքագիտական գործընթացներում պետությունների կողմից պատմական նարատիվների վերափոխումը հաճախ ծառայում է որպես արտաքին քաղաքականության գործիք։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Բաքուն բռնեց այդ ճանապարհը՝ առաջ բերելով հեռահար նպատակներ հետապնդող հայեցակարգ, որը կոչեց «Արևմտյան Ադրբեջան»։ Այս նարատիվը պետականորեն ֆինանսավորվող և կառավարվող նախագիծ է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ ստեղծելով մի զուգահեռ իրականություն, որտեղ ՀՀ ողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական պատմական հող»: Խնդիրը դուրս է զուտ պատմագրական բանավեճի շրջանակներից, այն տեղափոխվել է հիբրիդային պատերազմի տիրույթ, որտեղ մեդիա-մանիպուլյացիաները, սոցցանցերն ու իրավական կեղծ ձևակերպումները ծառայում են վերոնշյալ նպատակին։
Պատմական և իրավական հիմնավորումների հերքում
«Արևմտյան Ադրբեջան» թեզի հիմքում ընկած է պատմական ռեվիզիոնիզմը, որը հակասում է ինչպես ակադեմիական գիտությանը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին: Իրավական տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության սահմանները ճանաչված են միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, իսկ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային սահմաններով (Հայաստանն էլ, փոխադարձաբար, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը)i։
Տոպոնիմիկ և էթնիկ զտումների մասին պնդումները, որոնք առաջ է քաշում Բաքուն, զուրկ են փաստահեն հիմքերից: Պատմականորեն, Հայկական լեռնաշխարհի այս հատվածում ադրբեջանական էթնոսի «բնիկության» մասին թեզերը գիտականորեն հերքվում են միջնադարյան և նոր շրջանի սկզբնաղբյուրներով: Նարատիվը միտումնավոր շրջանցում է այն փաստը, որ բնակչության տեղաշարժերը 20-րդ դարում եղել են փոխադարձ կոնֆլիկտների հետևանք, ոչ թե՝ մեկ կողմի «պատմական իրավունքի» իրացում iiiii:
Հայելային նարատիվներ. Արցախի և «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական զուգահեռները
2022 թվականից ի վեր պաշտոնական Բաքուն սկսեց կիրառել «հայելայնացման» ռազմավարությունը՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ներկայացնելով որպես Արցախի հիմնախնդրի ուղիղ համապատկեր ու ստեղծելով կեղծ իրավական և բարոյական հավասարություն: Ըստ այս նարատիվի՝ եթե հայերը պահանջում են Արցախի հայության իրավունքների պաշտպանություն, Ադրբեջանն էլ, ըստ իրենց, իրավունք ունի պահանջել ադրբեջանցիների «վերադարձը» Երևան, Սյունիք և Գեղարքունիք, որոնց, ի դեպ, հանդգնում են տալ խիստ ադրբեջանական տեղանուններ։
Այս զուգահեռումը հիմնված է պատմաիրավական ակնհայտ անհամապատասխանությունների վրա.
Պետականության գործոնը. Ի տարբերություն Ադրբեջանի հորինած «Արևմտյան Ադրբեջանի», Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հազարամյակներ շարունակ ունեցել է հայկական ինքնավարության տարբեր դրսևորումներ, իսկ մինչև 2023թ․, թեև չճանաչված, բայց՝ պետականությունiv։ Դեռևս հին և միջնադարյան շրջանից Արցախը եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը, իսկ հետագայում՝ հայկական Խամսայի մելիքությունների միջոցով, պահպանել է ինքնավարության տարրեր:
Իրավական հիմքերը. Նախքան Արցախի բռնի հայաթափումը, Արցախի հիմնախնդիրը միջազգայնորեն ճանաչված էր որպես էթնո-քաղաքական կոնֆլիկտ, որի հիմքում ընկած էր ազգերի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ «Արևմտյան Ադրբեջանը» զուտ քաղաքական ծրագիր է, որը չունի որևէ իրավական կարգավիճակ միջազգային ատյաններում:
Գոյաբանական վտանգ. Արցախահայության հարցը միշտ եղել է ֆիզիկական գոյության և անվտանգության խնդիր, ինչն ապացուցվեց 2023 թվականի էթնիկ զտումով, մինչդեռ Բաքվի նոր նարատիվը հետապնդում է բացառապես էքսպանսիոնիստական նպատակներv:
Աշխարհաքաղաքական դիտանկյուն. լեգիտիմացում և ինքնավարության թիրախավորում
«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 3-ին՝ որպես 1989 թվականից գործող «Ադրբեջանական փախստականների միության» իրավահաջորդ, ու, փաստացի, վերածվել ադրբեջանական արտաքին քաղաքականության առանցքային գործիքի։ Համայնքի գործունեության պաշտոնական մեկնարկը կարելի է համարել 2022թ. դեկտեմբերի 24-ը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Ներկայիս Հայաստանի տարածքը մեր պատմական հողն է… Մենք պետք է մշակենք «Վերադարձի հայեցակարգը»»vi:
«Արևմտյան Ադրբեջանի» թեզի ակտիվացումը լուրջ խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար: Պետական քարոզչությունը գործում է համակարգված՝ մի քանի մակարդակում.
Հեռուստատեսային քարոզչություն. «Baku TV»-ի «Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա» (Qərbi Azərbaycan xronikası) և «Az TV» հեռուստաալիքի ամենշաբաթյա հաղորդումները ներկայացնում են ՀՀ մարզերն ու քաղաքները որպես «հայերի կողմից օկուպացված տարածքներ»: Սա նպատակ ունի ադրբեջանական հասարակության մեջ սովորական դարձնել ապագա էքսպանսիայի գաղափարը և ՀՀ տարածքը դիտարկել որպես «պատմական հայրենիք»։ Օրինակ՝ «Baku TV»-ն իր յութուբյան հարթակում ավելի քան 883 տեսանյութ ունի այդ խորագրով հաղորդման շրջանակում, իսկ 2026թ․ փետրվարի 27-ին հեռարձակել է «Զանգեզուրը երբեք չենք մոռացել, ուշ թե շուտ կվերադառնանք» վերտառությամբ ռեպորտաժ, որտեղ շեշտվում է Սյունիքի շրջանների «վերադարձի» անհրաժեշտությունըvii։
Պետական լրատվական գործակալություններ. «Ազերթաջ»-ը հանդիսանում է այս ինֆորմացիայի գլխավոր տարածողը՝ ողողելով տեղեկատվական դաշտը նմանօրինակ բովանդակությամբ հոդվածներով․ 2026թ․ հունվարի 1-ից մինչև ապրիլի 11-ը ադրբեջանական պետական AZƏRTAC գործակալությունը հրապարակել է 118 նյութ այս նարատիվի վերաբերյալviii։ Սույն թվականի մարտ ամսին կառավարամետ AZƏRTAC գործակալությունը, «Report.az» և մի շարք այլ լրատվականներ լուսաբանել են «Արևմտյան Զանգեզուրի տեղանունների բացատրական բառարան» գրքի շնորհանդեսըix: Իսկ մի քանի օր անց հրապարակվել է նույն համայնքի բողոքն՝ ուղղված եվրոպացի պատգամավորներին։ Դրանում զուգահեռներ են անցկացվել Արցախից բռնի տեղահանված հայերի և «Արևմտյան Ադրբեջանից» իբր հեռացած ադրբեջանցիների միջև՝ փորձելով միջազգային հանրությանը համոզել, թե երկու հարցերը պետք է դիտարկվեն նույն հարթության մեջx:Արդեն ապրիլի սկզբին այդ նույն խումբը հանդիպել է ուզբեկ և ղրղըզ գրողների հետ՝ ներկայացնելով «վերադարձի» գաղափարը միջազգային հարթակումxi:
Սոցիալական ցանցեր. Սոցցանցերում պարբերաբար տարածվում են տեսանյութեր, որտեղ ադրբեջանցիներն «այցելում են» ՀՀ շրջաններ՝ իբր հարազատների գերեզմաններ այցելելու պատրվակովxii: Այս գործընթացն, ըստ էության, Հայաստանի բնակչությանը ադրբեջանական ներկայությանը հարմարեցնելու գործիք է, և եթե նույնիսկ գերեզմաններ փոխադարձաբար այցելելը կարող է համարվել նորմալ, այն պահից, երբ այդ տարածքը պաշտոնական Բաքվի դիտանկյունից համարվում է «պատմական ադրբեջանական», այն դադարում է լինել նորմալ։ Այս մեթոդի կիրառմամբ Բաքուն աշխատում է նաև ադրբեջանական հասարակության հետ՝ ամրապնդելով «վերադարձի» գաղափարը։ Այն չի պահանջում ուղղակի ռազմական գործողություններ, բայց ստեղծում է երկարաժամկետ տեղեկատվական ճնշում։
Ամփոփում
Չնայած 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությանը և նորմալացման գործընթացի մասին խոսույթին՝ Ադրբեջանը չի դադարեցնում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվի շրջանառությունը։ Պատճառները ռազմավարական են․ այն ծառայում է որպես լծակ դիվանագիտական բանակցություններում, պահպանում է ներքին մոբիլիզացիան և ստեղծում է «պատմական արդարության» պատրանք։ Միաժամանակ, այն թույլ է տալիս պահպանել ճնշումը Հայաստանի վրա՝ առանց ուղղակի ռազմական ռիսկերի։ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է: Դրա հեռահար նպատակն է՝ ստեղծել «իրավական» և քարոզչական հիմքեր՝ ՀՀ ինքնավարությունը դեգրադացնելու համար: Հայելային նարատիվների կիրառումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այս քայլով փորձում է փակել Արցախի հարցը՝ Հայաստանից պահանջների համար բացելով նոր հարթակ:
Այս սպառնալիքի պայմաններում Հայաստանի կողմից պասիվ դիտորդի դիրքը կործանարար է։ Պահանջվում է քաղաքագիտական և անվտանգային հակազդման համալիր ծրագիր, որը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա.
Իրավական շեշտադրում. ՀՀ-ն պետք է միջազգային բոլոր ատյաններում հստակ դիրքորոշում և արձագանք ձևակերպի Ադրբեջանի հորինած «Արևմտյան Ադրբեջան» նախագծի վերաբերյալ։ Հայաստանի դիվանագիտության խնդիրն է՝ տարանջատել Արցախի հայության բռնի տեղահանումը Ադրբեջանի կողմից առաջարկվող էքսպանսիոնիստական ծրագրերից։
Տեղեկատվական հակագրոհ. Անհրաժեշտ է ստեղծել միջազգային լսարանի համար հասանելի գիտական բազա, որը կապացուցի ադրբեջանական տեղանունների արհեստածին լինելը։
Դիմադրողականության բարձրացում. ՀՀ արտաքին հետախուզության և ազգային անվտանգության ծառայությունները պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն՝ կասեցնելու ադրբեջանական PSYOP-ների ազդեցությունը հայ հասարակության վրա:
Աշխարհաքաղաքական զսպում. «Արևմտյան Ադրբեջան» թեզի դեմ Հայաստանի դիվանագիտական արդյունավետությունը ներկայումս կրում է առավելապես արձագանքող բնույթ. թեև հաջողվել է միջազգային գործընկերներին իրազեկել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների մասին, սակայն դեռևս չի ձևավորվել այնպիսի հստակ զսպման մեխանիզմ, որը Բաքվին կստիպի հրաժարվել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվի շրջանառումից։ Ուստի, առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական հայտարարություններից անցում կատարել դեպի տեղեկատվական-իրավական մակարդակ՝ գիտականորեն հերքելով պատմության կեղծարարությունը և միջազգային հանրությանն ապացուցելով, որ այս հայեցակարգը ոչ թե «վերադարձի իրավունքի» հարց է, այլ տարածաշրջանային անվտանգության համակարգի բռնի վերաձևման լեգիտիմացման փորձ: